Լիտվայում զորավարժություններին կմասնակցի ՆԱՏՕ-ի մոտ չորս հազար զինվորական
Լիտվայում նոյեմբերի 20-ին մեկնարկում են «Երկաթե թուր – 2016» միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցելու է 11 երկրից ՆԱՏՕ-ի զինված ուժերի մոտ 4 հազար զինվորական: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը. գրում է ТАСС-ը:
«Արդեն երրորդ անգամ Լիտվայում կազմակերպվող «Երկաթե թուր» (Iron Sword) միջազգային զորավարժությունները մեկնարկում են նոյեմբերի 20-ին, ՆԱՏՕ 11 երկրներից զինված ուժերի մոտ 4 հազար զինծառայող կատարելու է պաշտպանության ռազմական գործողություններ, ռազմական աջակցության և այլ տեսակի խնդիրներ»,- ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Լիտվայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Վալդեմար Ռուպշիսի խոսքով՝ զորավարժության մասնակիցներին հնարավորություն կտրվի հարմարվել նոր մարտահրավերներին:
«Ապագայում բանակը բախվելու է մինչ այդ անհայտ մարտահրավերների, այդ պատճառով նոր իրավիճակներին արագ արձագանքելու ունակությունը կենսական նշանակություն ունի ինչպես զինվորականների, այնպես էլ շտաբների համար: Ռազմական վտանգներին արագ և արդյունավետ արձագանքը այս զորավարժությունների հիմնական խնդիրներից մեկն է»,- ասել է նա:
Զորավարժություններն անց են կացվելու նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 2-ը: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ դրանց կմասնակցեն զինծառայողներ Էստոնիայից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Լեհաստանից, Լյուքսեմբուրգից, Ռումինիայից, Սլովենիայից, Գերմանիայից և Լիտվայից:










