Պակիստանը կարտաքսի երկրում գործող գյուլենականներին
Լուսանկարում՝ Ֆեթուլլահ Գյուլենը
Պակիստանը կարտաքսի երկրում գործող և թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման կողմից ղեկավարվող կրոնական դպրոցների բոլոր աշխատակիցներին, գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
Լուրը հաստատել է Պակիստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Պակիստանում գտնվող գյուլենականներին վերջնաժամկետ է ներկայացվել մինչև նոյեմբերի 20-ը լքել երկիրը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Պակիստան: Նոյեմբերի 16-17-ը Էրդողանը Պակիստանում կհանդիպի երկրի նախագահ Մամնուն Հուսեյնի և վարչապետ Նավազ Շարիֆի հետ:
Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:










