Samsung-ը կարող է հաջորդ տարվա սկզբին վերսկսել Note 7 սմարթֆոնների վաճառքը

14:32 • 16.11.16

Հարավկորեական Samsung ընկերությունը կարող է հաջորդ տարվա սկզբին վերսկսել վերականգնված Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքը, հաղորդում է International Business Times-ը` հղում անելով հարավկորեական կորպորացիայի գաղտնի աղբյուրին:


«Samsung-ը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, և, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվանից կսկսի վաճառել վերականգնված Note 7 սմարթֆոնները»,- հայտնել է աղբյուրը:


Կայքը գրում է, որ սարքերն առաջին հերթին վաճառքի կհանվեն զարգացող շուկաներում` Հնդկաստանում և Վիետնամում:


Տվյալ պահի դրությամբ կորպորացիան փորձում է պարզել Note 7 սմարթֆոնի ինքնահրկիզման պատճառը: Հետաքննության պատճառով հետաձգվել է հաջորդ սմարթֆոնի` Galaxy S8-ի մշակումը:


Նշվում է, որ Note 7 մոդելի պայթյունավտանգ սմարթֆոնները վաճառքի են հանվել 2016 թվականի օգոստոսին, սակայն հոկտեմբերին ինքնահրկիզման բազմաթիվ դեպքերից հետո ընկերությունը սկզբից դադարեցրել է դրանց վաճառքը, այնուհետ՝ արտադրությունը:

Samsung-ը կարող է հաջորդ տարվա սկզբին վերսկսել Note 7 սմարթֆոնների վաճառքը