Պուտինին հավատալ չի կարելի. ՄքՔեյն
ԱՄՆ հանրապետական կուսակցությունից սենատոր Ջոն ՄքՔեյնը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին նախազգուշացրել է չմեղմացնել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը: Այդ մասին հայտնում է սենատորի մամուլի ծառայությունը:
«(ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինը կրկին միացել է Բաշար ալ Ասադին սիրիացի ժողովրդի դեմ իր բարբարոսական պատերազմում՝ վերսկսելով ռուսների մասշտաբային օդային և հրթիռային հարվածներն Իդլիբում և Հոմսում: Շուտով կարող է տեղի ունենալ ևս մի դաժան հարձակում Հալեպի վրա»,- հայտարարել է ՄքՔեյնը:
Սենատորը նշել է, որ Թրամփի ընտրվելու առնչությամբ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին Պուտինի խոսքերին չի կարելի հավատալ:
«Մենք պետք է վստահենք այդ հայտարարություններին այնպես, ինչպես ցանկացած այլ հայտարարությունների, որոնք արվել են ՊԵԿ-ի (Պետանվտանգության կոմիտե, КГБ) նախկին գործակալի կողմից, որն իր երկիրը բռնապետություն է սարքել, սպանել է իր քաղաքական հակառակորդներին, հարձակվել է իր հարևանների վրա, սպառնացել է Ամերիկայի դաշնակիցներին և փորձել է խափանել ԱՄՆ ընտրությունները»,- նշել է սենատորը:
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ ու հաջողություն մաղթել նախընտրական ծրագրի իրականացման գործում: Միևնույն ժամանակ, ռուս ղեկավարը պատրաստակամություն է հայտնել համագործակցության վերաբերյալ երկխոսություն սկսել նորընտիր նախագահի վարչակազմի հետ՝ առաջնորդվելով իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և մեկը մյուսի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով:










