Գյումրիում վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել

13:40 • 16.11.16

Tert.am-ի տեղեկություններով՝ Գյումրիում գործող «Եռանկյունի» ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել:

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Tert.am-ի՝ այս առնչությամբ հարցին ի պատասխան հայտնեցին, որ «Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնում տեղեկություններ են ստացվել, որ տեղի է ունեցել վիճաբանություն, հնարավոր է՝ նաև կրակոցներ են հնչել»։

Լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից հավելեցին, որ այս պահին կատարվում են ստուգողական աշխատանքներ: 

Գյումրու «Եռանկյունի» ռեստորանի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրավապահ մարմինների ստուգողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

«Այս պահին տեղեկությունները ստուգվում են ոստիկանության համապատասխան աշխատակիցների կողմից: Այս պահի դրությամբ որևէ փաստական տվյալ, ապացույց  դեռ չեն բերվել նշված կրակոցները հնչելու վերաբերյալ,  սակայն օպերատիվ հետախուզական աշխատանքները շարունակվում են»,-ասաց դատախազը:

Կարեն Գաբրիելյանը հավելեց, որ այս պահին ապացույց չկա, որ նշված տարածքում կրակոցներ հնչել են կամ չեն հնչել: