ԱՄՆ-ում չինական սմարթֆոնները տեղեկություն են հավաքում օգտատերերի մասին. The New York Times
ԱՄՆ տարածքում աշխատող չինական արտադրության սմարթֆոնների մի մասը զինված է գաղտնի ծրագրով, որը թույլ է տալիս յուրաքանչյուր 72 ժամը մեկ բոլոր տեքստային հաղորդագրություններն ուղարկել չինական սերվերներին, հայտնում է The New York Times-ը:
Թերթի տվյալներով՝ անվտանգության ոլորտում ամերիկացի մասնագետները վերջերս Android համակարգով գործող սմարթֆոններում ծրագրային ապահովում են հայտնաբերել, որը հետևում է օգտատիրոջ տեղաշարժին, ում է նա զանգահարում և ինչ հաղորդագրություններ է ուղարկում: Իշխանությունները վստահ չեն՝ այդ տվյալները գովազդային նպատակներով են օգտագործվում, թե չինական հետախուզության կողմից տեղեկություն հավաքելու համար են:
Անվտանգության ոլորտում աշխատող ամերիկյան Kryptowire ընկերությունը, որը հայտնաբերել է սմարթֆոններից տեղեկատվության ներբեռնման համար մուտքի գոյությունը, կարծում է, որ այդ ծրագիրը «չինական սերվերներին է փոխանցում տեքստային հաղորդագրությունների ամբողջական բովանդակությունը, հեռախոսային համարների ցուցակները, զանգերի ժամանակի, օգտատիրոջ գտնվելու վայրի մասին տվյալները և այլ տեղեկություններ»:
Ընդ որում՝ սմարթֆոնի սեփականատերերը չեն իմացել այդ ծրագրի գոյության մասին:










