Սպառազինության զարգացման հաստատված ծրագրի առանցքը խելացի սպառազինումն է. Վիգեն Սարգսյան
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման շրջանակում հայտարարեց, որ սպառազինության լայն ծրագիր ունեն:
Բանակը՝ որպես տնտեսության շարժիչ ուժ դառնալու օրինակ նա բերեց կիսաճտքավոր կոշիկների խնդիրը:
«Զորացրված զինվորի մասին, երբ խոսում ես, նրա ամենաառաջին բողոքը կոշիկների որակին է վերաբերում, և ես ինքս, մասնակցելով զորավարժություններին, գիտեմ ինչի մասին է խոսքը»,-ասաց նա և նշեց, որ դրանցով մի քանի ժամ քայլելն արդեն բարդ է:
Ըստ նրա՝ խնդրի լուծումը հեշտ լուծվող է, և արդեն 2017 թվականին ՀՀ-ն ունենալու է բանակային կոշիկը, որը լինելու հայկական բրենդ, սիրված և շատ հարմար զինծառայողի համար: Նախարարը կարծում է, որ սա կարող է կոշկակարության համար վերակենդանացման հիմք հանդիսանալ, և նոր տեխնոլոգիաներ ներդրվեն հենց ԼՂՀ-ում:
Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ կա սպառազինության զարգացման հաստատված ծրագիր, որի առանցքը, հիմնական ուղղությունը խելացի սպառազինումն է:
«Այսինքն, երբ դու սպառազինվում ես ոչ թե սիմետրիկ, այլ հասկանալով, թե ինչ է իրենից ներկայացնում հակառակորդի կողմից ունեցած զենքը, ինչ պաշտպանության և ինչ հակահարվածի միջոցներ պետք է ունենաս դու: Դա բարդ ճանապարհ է, սակայն արդյունավետության բարձրացման կարևոր ուղի է»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանը պատահական զենք չի գնում, այլ այն ինչ անում է, ծառայում է լրջագույնս մշակված հայեցակարգի ծրագրին, որը անփոփոխ չի և պարբերական վերանայվում է:
Նախարարը կարևորեց նաև ռազմական ոլորտը կարգավորող օրենսդրության հիմնարար վերանայումը. ըստ նրա՝ օրենսդրությունը պետք է շատ հստակ անդրադառնա ծագումով հայերի պաշտպանության գործին մասնակցելու խնդիրներին: Նա նշեց, որ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ երբ ունես կամավորականներ, ապա դա առավելություն լինելով հանդերձ՝ կարող է լինել խնդիրների արդյունք, ինչի համար իրավական շատ հստակ կարգավորում է պետք: Նախարարը գտնում է, որ պետք է հստակ տարանջատել զորահավաքի ենթակա քաղաքացուն այն քաղաքացուց, որ զորահավաքի ենթակա չէ, սակայն ցանկանում է մասնակցել պաշտպանության գործին, և կոչվում է կամավորական:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ նախարարն ասաց առաջին գայթակղությունը ձեռքից բռնելը և ձեռք կտրելն է, և որևէ զսպվածություն, կաշկանդվածություն, վերապահում չունի այդ հարցում, սակայն որպես կառավարման մասնագետ՝ չի հավատում դրա արդյունավետությանը՝ որպես կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհ:
«Ես խորը համոզմունք ունեմ, որ կոռուպցիան քաղցկեղ է, և նվազեցնելով՝ այն չես վերացնում, հետևաբար կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ է, երբ ստեղծում ես համակարգ, երբ բացառում ես գայթակղությունները»,-ասաց նա:










