Հիմա կարևորը ճանապարհներ կառուցելն է. ԵՄ հանձնակատար

19:57 • 17.11.16

Հարևանության քաղաքականության և բանակցությունների ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը Արևելյան գործընկերության 8-րդ նախարարական ոչ պաշտոնական երկխոսությունն ամփոփող ասուլիսի ժամանակ նշեց, որ իրենք շատ կարևորում են ոչ միայն գործող, այլև սկսնակ ձեռնարկությունների ֆինանսավորումը:

«Կարևորագույն հարցերից մեկն է, և այս առումով պիտի և ավելին ու շատ բան անենք»,- ասաց նա` նշելով, որ այստեղ հաջողություններ գրանցելու համար պետք նաև ունենալ արդար դատական համակարգ:

Յոհաննես Հաանը նաև կարևորեց տրանսպորտային և էներգետիկ կապակցվածությունը:

«Նախքան ամառային արձակուրդը համապարփակ համաձայնություն ձեռք բերվեց հարևանության երկրների տրանսպորտի նախարարների և եվրոպական տրանսպորտի նախարարների միջև, որպեսզի անդրեվրոպական ցանցն ընդլայնվի՝ ներառելով նաև գործընկեր երկրները, և սա այն ոլորտներից է, որն իսկապես պետք է իրագործենք»,- ասաց նա։

Յոհաննես Հաանի խոսքով՝ հիմա կարևորը ճանապարհներ կառուցելն է. ըստ նրա՝ գծել են, նկարները պատրաստ են, հաջորդ քայլը իրագործումն է. «Եթե դա հաջողվի, սա կդյուրացնի մուտքը աշխատաշուկա,- ասաց նա։

Ըստ ԵՄ հանձնակատարի՝ կընդլայնվի նաև «Erasmus +» կրթական ծրագիրը, որպեսզի ավելի շատ ուսանողներ այցելեն եվրոպական բուհեր։

«Որպեսզի ոչ թե ուղեղների հոսք լինի, այլ ուղեղների շրջանառություն»,- ասաց նա։

ԵՄ հանձնակատարը, ամփոփելով իր խոսքը, ասաց, որ այնպես պետք է արվի, որ նման հարցերը միայն գագաթնաժողովից գագաթնաժողով չքննարկվեն, այլ պետք է իրենց առջև նպատակներ դնեն և իրականացնեն։