Կիսելյովի «Գրիբոյեդով» ակումբի անդամները դժգոհ են հյուրերի ընտրությամբ. նախընտրում են չմասնակցել ակումբի հանդիպումներին. կարծիքներ

22:59 • 17.11.16

Լրագրող Դմիտրի Կիսելյովը, ով համարվում է Կրեմլի խոսնակը ու մտերիմ է ռուսական իշխանությունների հետ, օրերս այցելել էր Հայաստան՝ հերթական հանդիպումն անցկացրել իր հիմնած հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբում:

Tert.am-ը փորձեց պարզել, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում ու ովքեր են մասնակցել հանդիպմանը: 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց, որ քանի որ հանդիպումը «off the rocord» ձևաչափի էր, չի կարող ասել, թե ինչ հարցեր են շոշափվել: Իսկ թե ում հետ է եղել հանդիպումը, Ֆարմանյանը միայն նշեց. «Ռուսաստանի պետդումայի պատգամավորներից մեկի»:

Փորձեցինք հարցը ճշտել ռադիոհաղորդավար Եգոր Գլումովից, ով ևս «Գրիբոյեդով»-ի անդամ է: Վերջինս, սակայն, ասաց, որ ինքը տևական ժամանակ է չի մասնակցում այս ակումբի հանդիպումներին՝ ժամանակի բացակայության պատճառով: Գլումովը նշեց, որ վերջին շրջանում հրավիրվող անձինք՝ հյուրերը, իր համար այդքան էլ հետաքրքիր չեն, որովհետև իր ոլորտից հեռու են:

Ինչպես պարզ դարձավ, Եգոր Գլումովից բացի հանդիպումներին չի մասնակցում նաև «Մեդիամաքս» մեդիա ընկերության տնօրեն Արա Թադևոսյանը: Tert.am-ի հետ զրույցում Թադևոսյանն ասաց, որ սկզբում ինքը մասնակցում էր ակումբի հանդիպումներին, որովհետև հետաքրքիր հյուրեր էին գալիս, բայց մի քանի անգամ բացակայելուց հետո իրեն դադարել են հրավիրել:

«Սկզբում ավելի շատ գրողներ էին հրավիրվում, մարդիկ էին, որոնք իրենց կերպարով հետաքրքիր էին, հաճելի էր իրենց հետ շփվել, բայց հետո փորձագետներ էին հրավիրվում, որոնց կարծիքների մասին, ընդհանուր առմամբ, տեղյակ էի: Որևէ բան չունեմ ասելու, արժանի մարդիկ էին, բայց ինձ համար այդ ֆորմատով անհետաքրքիր էր: Որևէ այլ ենթատեքստ չկա»,- նշեց Արա Թադևոսյանը:

Նա չհամաձայնեց կարծիքների հետ, թե ակումբի շրջանակներում հիմնականում Կրեմլի քարոզչություն է տարվում: «Նման տպավորություն չեմ ստացել: Այն հանդիպումներին, որոնց մասնակցել եմ, քարոզներ չեն եղել, քննարկում է եղել, բանավեճ»,- ասաց Թադևոսյանը:

Նշենք, որ «Գրիբոյեդով» ակումբը Հայաստանում գործում է շուրջ երկու տարի։ «Գրիբոյեդով» ակումբի հավաքները, ըստ ավանդույթի, տեղի են ունենում ամիսը մեկ անգամ՝ երևանյան էլիտար ռեստորաններից որևէ մեկում և, ըստ մամուլի լուրերի, ավարտվում են բավական մեծ հաշիվներով: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Դմիտրի Կիսելյովը ներկայացնում է ռուսաստանցի քաղաքական-հասարակական շրջանակների ներկայացուցիչներից մեկին:

Ի դեպ՝ հաղորդավարի համակարգմամբ օգնականը՝ Օլգա Տրետյակովան, ֆեյսբուքյան իր էջում ակումբի մասնակիցներին տեղեկացրել է, որ դեկտեմբերի 12-ին ժամանելու են Երևան Վլադիմիր Սոլովյովի հետ, իսկ հունվարի 23-ին՝ Մարգարիտա Սիմոնյանի: