«Դա ոչ թե պարտք է, այլ անճշտություն». Մասիսի նախկին քաղաքապետը հերքում է, որ պարտքեր է թողել

21:01 • 17.11.16

Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե պարտքերով է լքել Մասիսի քաղաքապետարանը: «Չկա նման բան, եթե ես ամեն տարի բյուջեն կատարել եմ 100 տոկոսով և ավելի, նախորդ տարիների պարտքերից էլ եմ գանձել, ոնց կլինի, որ ես պարտքեր թողած լինեմ»,-հայտարարեց նախկին քաղաքապետը:

Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչու է խոսք գնում իր թողած պարտքերի մասին, նախկին քաղաքապետը պատասխանեց. «Անճշտություններ կան, դրանք պետք է ճշտվեն: Անճշտությունները, ասենք, մեքենաները տարածքից դուրս են գրվել, վաճառվել, գնացել են, բայց մեր բալանսում մնացել են: Ժամանակին մեզ չեն ներկայացրել, մենք չենք իմացել, չենք հանել այդ գույքահարկի գումարները: Էդ անճշտություններն ա, թե չէ ուրիշ խնդիրներ չկան: Կամ համայնքային հողը հանձնել են, բայց էդ մարդկանց վրա պարտք ա գնացել, էդ անճշտությունները պետք է վերացվի»:

Ի դեպ՝ Մասիսի նոր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով Մասիսում առավել հայտնի է, որպես «Բույսերի աշխարհ»-ի հիմնադիր թույների Մհերի տղա, օրերս ՀՀԿ Մասիսի կառույցի որոշմամբ դարձել է կառույցի ղեկավարը՝ փոխարինելով նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մասիսի նախկին քաղաքապետը:

«Դա կուսակցության որոշում է եղել, ես կուսակցական եմ, պարտավոր եմ կուսակցության որոշումները կատարել»,- ասաց նախկին քաղաքապետը:

Երիտասարդ Դավիթ Համբարձումյանի տեղակալները ՀՀԿ կառույցում Մասիսի «Փարոս» համակարգի պետ Վարդան Հովսեփյանն ու մարզի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Ստյոպա Խաչատրյանն են: