«Կարծում եմ` լուսնից չեք իջել, որ այլ բան մտածեք».  Է. Շարմազանովը Սերժ Սարգսյանի` ՀՀԿ նախագահ վերընտրվելու մասին

22:16 • 17.11.16

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ-ի Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հոկտեմբերի 26-ի ՀՀԿ համագումարին ներկա գտնվելու հրավերներ են ուղարկվել մոտ 10 կուսակցությունների՝ այդ թվում «Եդինայա Ռոսիա»-ին, Չինաստանի կոմկուսին ու ԵԺԿ-ին: «Եդինայա Ռոսիայից» ՀՀԿ համագումարին կմասնակցի 3 պատվիրակ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակն ասաց, որ հանրապետականները նիստում քննարկել և խիստ կարևորել են 2017-ի հունվարի 28-ից հետո զինծառայողների ապահովագրավճարներին վերաբերող օրինագծին 102 կողմ ձայնով քվեարկությունը։ «Սա խոսում է, որ քաղաքական ուժերի մեծ մասը կոնսոլիդացված են և շատերը կարևորում են, որ թիվ մեկ խնդիրը անվտանգության ամրապնդումն է: Այս նախաձեռնությունը վերկուսակցական է: Խորհրդարանի այս քվեարկությունը ցույց տվեց դա»,- ասաց Շարմազանովը:

Հարցին, թե ՀՀԿ համագումարում նախագահի թեկնածուներն արդեն հայտնի՞ են, Շարմազանովը պատասխանեց. «Կուսակցության նախագահ է վերընտրվելու Սերժ Սարգսյանը: Կարծում եմ՝ դուք լուսնից չեք իջել, որ մտածեք այլ բան: Ե՛վ կուսակցության շարքերի պահանջն է դա, և՛ ցանկությունն է դա: Մենք հպարտ ենք, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ ենք, հպարտ ենք, որ կուսակցությունը ունի նման լիդեր: ՀՀԿ-ն մեկ լիդերի կուսակցություն է և մնալու է մեկ լիդերի կուսակցություն: Այդ լիդերը Սերժ Սարգսյանն է»:

Ի դեպ՝ Հովիկ Աբրահամյանը չի մասնակցել ԳՄ նիստին: «Անցյալ նիստին ներկա է եղել, այս նիստին ներկա չի եղել»,- ասաց Շարմազանովը: Հարցին, թե, օրինակ, Գագիկ Ծառուկյանին անհատապես հրավեր ուղարկելու է, պատասխանեց, թե նման հրավերի մասին ինքը տեղյակ չէ: