Բելառուսն ուսումնասիրում է ռուսական նավթի մատակարարումների այլընտրանքային տարբերակները
Բելառուսն ուսումնասիրում է երկիր նավթի մատակարարման՝ Ռուսաստանին այլընտրանքային ուղիները: Այդ մասին Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Աշխարհը բոլորովին այլ է: Այսօր այդ նավթն այնքան շատ է, որ վերցնող չկա: Գուցե ավելի թանկ կլինի… Այժմ մի քանի տարբերակ ենք դիտարկում»,- ասել է Լուկաշենկոն ռուսական ԶԼՄ-ներին տված մամուլի ասուլիսի ժամանակ:
Մասնավորապես, նա պարզաբանել է, թե արդյոք հնարավոր է նավթի մատակարարումներն Ուկրաինայի տարածքով:
«Նման հնարավորություն կա: Մենք այն ժամանակին օգտագործել ենք, երբ դուք դադարեցիք մեզ նավթ մատակարարել. մենք վերցրինք վենեսուելական նավթը, և այն երկիր էինք մատակարարում Ուկրաինայի տարածքով՝ «Օդեսա-Բրոդի» խողովակաշարով, երկաթուղային տրանսպորտով հասցնում բելառուսական նավթամշակման գործարաններ»,- ասել է Բելառուսի նախագահը:
«Պարզապես ռուսական շուկա կգա այլ նավթ: Դա պե՞տք է (Ռուսաստանին): Ամեն դեպքում մենք վերամշակում ենք 25 միլիոն տոննա, և մեր միջոցով Արևմուտք է գնում 60-80 միլիոն տոննա ռուսական նավթ: Կարելի է չէ՞ շահերի հավասարակշռության տարբերակ մշակել ու պայմանավորվել»,- ասել է Բելառուսի նախագահը: Նա նաև հայտարարել է, որ Բելառուսին և Ռուսաստանին հարկավոր են «ընդհանուր նախագծեր, որոնք Բելառուսին կձգեին դեպի Ռուսաստան, այլ ոչ հակառակը»:
Հոկտեմբերի սկզբին Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը բանակցություններ է վարում Իրանի հետ նավթի մատակարարումների մասին: Նա նշել է, որ հանձնարարել է կառավարությանն «անմիջապես գտնել նոր այլընտրանքներ և վերադառնալ հներին»՝ Ռուսաստանից առանց մաքսատուրքի մատակարարումների կրճատման պատճառով:










