Քլինթոնը խոստովանել է, որ պարտությունից հետո չէր ուզում տնից դուրս գալ
ԱՄՆ նախագահական ընտրությունների նախկին մասնակից Հիլարի Քլինթոնը, որն առաջադրվել էր Դեմոկրատական կուսակցության կողմից, սակայն զիջել էր հանրապետական Դոնալդ Թրամփին, խոստովանել է, որ պարտությունից հետո տնից դուրս գալու ցանկություն չուներ:
Ինչպես նշում է ria.ru-ն, նախկին պետքարտուղարն այս մասին ասել է երեխաների պաշտպանությանը նվիրված միջոցառման ժամանակ: Աղբյուրը նկատում է, որ սա Քլինթոնի առաջին հրապարակային ելույթն էր նախագահական ընտրություններում պարտվելուց հետո:
«Ես խոստովանում եմ, որ այստեղ գալն ինձ համար ամենևին էլ հեշտ բան չէր: Անցած շաբաթ այնպիսի պահ էր, որ ուզածս միակ բանը կծկվելն էր ու այլևս երբեք տնից դուրս չգալը»,- իր զգացողություններով անկեղծորեն կիսվել է Քլինթոնը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կայացել են նոյեմբերի 8-ին: Ընտրական կոլեգիայի անդամների տված ձայների արդյունքում Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ է դարձել միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ում երդմնակալության պաշտոնական արարողությունը կայանալու է հունվարի 20-ին:










