Նյու Յորքի ջրանցքներից մեկը լցվել է տասնյակ հազարավոր սատկած ձկներով (տեսանյութ)

15:48 • 17.11.16

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Համփթոն Բեյս քաղաքի բնակիչներն օրերս ականատես են եղել տարօրինակ երևույթի. քաղաքի ջրանցքներից մեկը լցվել է տասնյակ հազարավոր սատկած ձկներով:


Ինչպես նշում է cbsnews.com կայքը, խոսքը Շայնքոք ջրանցքի մասին է, որն արծաթափայլ ձկների առատության արդյունքում թվում էր, թե ծածկված է սառույցի լայն շերտով:


Համփթոն Բեյսի բնակիչները շտապել են լուսանկարել արտասովոր երևույթն ու տեսանյութերը տարածել համացանցում:


Նյու Յորքի՝ բնապահպանական հարցերով նահանգային վարչությունն ասել է, որ այժմ փորձում են պարզել տեղի ունեցածի պատճառները:


Մասնագետները չեն բացառել, որ ձկների խոշոր վտառը, փախչելով գիշատիչներից, հայտնվել է ջրանցքում, որի շլյուզները փակված են եղել: Դրա հետևանքով ձկները չեն կարողացել փախչել ու սատկել են թթվածնի պակասից: