Կարո Փայլանն իր թիմակիցների հետ հանդիպել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ

10:33 • 17.11.16

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը և իր թիմակից երկու պատգամավորներ` Օսման Բայդեմիրն ու Ֆիլիզ Քերեսթեջիօղլուն, հանդիպել են ՄԱԿ-ի խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցող Դևիդ Քայեի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայում վերջին ամիսներին տեղի ունեցող լարված իրավիճակն ու ընդդիմադիր պատգամավորների և մամուլի ներկայացուցիչների ձերբակալությունները:

Քրդամետ կուսակցության անդամները հայտնել են, որ ձերբակալված պատգամավորները բանտում ենթարկվում են դաժան վերաբերմունքի, ինչպես նաև նշել են, որ նրանց հնարավորություն չի տրվում բանտում գտնվող պատգամավորներին և կուսակցության համանախագահներին կամ մանրամասներ պարզել նրանց վիճակի վերաբերյալ:

Փայլանն ու իր կուսակիցներն առաջարկել են ՄԱԿ-ի ներկայացուցիչներին հատուկ այս հարցի շուրջ ուսումնասիրություն անցկացնելու նպատակով այցելել Թուրքիա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

Ավելի վաղ Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում հատուկ գործողություն է իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դեմ: Խուզարկություններ են իրականացվել թերթի տնօրենի, խմբագիրների և մի շարք սյունակագիրների տներում: Ձերբակալված է նաև թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն: