Մեքսիկայի Կուկուլկանի տաճարում ևս մի բուրգ է հայտնաբերվել
Մեքսիկացի և ամերիկացի հնագետներն անսպասելի հայտնագործություն են արել` Մեքսիկայի Չիչեն Իցա քաղաքի հանրահայտ Կուկուլկանի տաճարում ևս մի, ավելի փոքր չափի բուրգ հայտնաբերելով:
Ինչպես նշում է РИА Новости-ն, խոսքը Կուկուլկանում արդեն երրորդ կառուցվածքային հայտնագործության մասին է. բուրգի ներսում երկրորդ բուրգի առկայության մասին հնագետներն իմացել են դեռ 1940-ական թվականներից:
«Երրորդ ներքին «մատրյոշկան» կարող է իրականում մի քանի փոքր «մատրյոշկաների» հավաքածու լինել մեկ պատյանի ներսում, դեռևս հաստատ չգիտենք»,- մեջբերում է Terra պորտալը կալիֆորնիական Սան Դիեգոյի համալսարանի անթրոպոլոգիայի պրոֆեսոր Ջոֆրի Բրասվելի հայտարարությունը:
Հնագետ Դենիս Արգոտեի խոսքով` ամենափոքր ներքին բուրգը կարող է թվագրվել մեր թվարկության 500-800 թվականներին և վերաբերել «մաքուր մայաների» դարաշրջանին:
«Եթե ապագայում այդ կառույցն ուսումնասիրելու հնարավորություն առաջանա, դա էական կլինի. այսպես կարելի կլիներ խոսել տեղանքի առաջին բնակչության մասին, ինչը թույլ կտա հասկանալ, թե ինչպես է զարգացել բնակավայրը», - ասել է Արգոտեն:










