Սաակաշվիլին տեղեկացել է իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մտադրության մասին
Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն իբր մտադիր է զրկել իրեն ուկրաինական քաղաքացիությունից: Այդ մասին Սաակաշվիլին գրել է Facebook-ի իր էջում՝ վկայակոչելով «շատ լավ տեղեկացված աղբյուրի»:
Սաակաշվիլիի տվյալներով՝ նախագահն այդ հարցը հանձնարարել է Գերագույն ռադայում «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Կոնոնենկոյին և Ռադայի իրավական քաղաքականության և արդարադատության հարցերով հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Գրանովսկուն, որին նա անվանել է «նախագահի վարչակազմում կոռուպցիոն բուրգում դատական գործերի ոչ պաշտոնական ղեկավար»:
Սաակաշվիլին հստակեցրել է, որ նախատեսվում է զրկել իրեն քաղաքացիությունից դատարանի որոշմամբ:
«Միջազգային իրավունքը և ուկրաինական օրենսդրությունն արգելում են զրկել Ուկրաինայի քաղաքացիներին քաղաքացիությունից, եթե նրանք չունեն այլ քաղաքացիություն: Շատ ցավալի է, որ նախագահն օգտվում է ոչ միայն այդ բացահայտ հանցավոր խաբեբաների ծառայություններից, այլև լսում է նրանց խորհուրդները»,- ասել է Սաակաշվիլին:
Պորոշենկոն ազատել է Սաակաշվիլիին Օդեսայի նահանգապետի պաշտոնից նոյեմբերի 9-ին: Նա Օդեսայի նահանգապետ էր նշանակվել 2015 թվականի մայիսի 30-ին:










