Վանաձորի վիճակը շատ գունեղ եք ներկայացնում. Սամվել Դարբինյան
Վանաձորի նախկին հանրապետական քաղաքապետ Սամվել Դարբինյանը համաձայն չէ գնահատականների հետ, որ 3 քաղաքական ուժերի` ավագանու նիստերի բոյկոտի արդյունքում քաղաքը կաթվածահար վիճակում է:
«Դա ըտենց չի, շատ գունեղ եք ներկայացնում, շատ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ իր տեղը կընկնի»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց Սամվել Դարբինյանը` ի պատասխան հարցադրման, որ ստեղծված իրավիճակը պատային է, ու դրա այլընտրանքն այն է, որ ավագանու 2 անդամ ինքնաբացահայտվեն ու դրանով խոստովանեն, որ, ինչպես վերջերս նորաձև է դարձել, «շանտղությունն» իրենցից է:
«Նման բան չի կարելի ասել, նրանք բոլորն էլ Վանաձորի քաղաքացիներ են և նրանց նպատակը ոչ թե որևէ կուսակցությանը հարել, պաշտպանելն է, այլ քաղաքի շահը պաշտպանելը: Եվ հետո, կուսակցություններն էլ կարող են չէ՞ իրար հետ դաշինք կազմել, համաձայնության գալ»,- ասաց Սամվել Դարբինյանը՝ ավելացնելով, որ իր սիրտը ցավում է քաղաքի համար:
Սամվել Դարբինյանն ասաց նաև, որ չի «խառնվում քաղաքականությանը», ու ոչ մի ավագանու ոչ մի բան չի փորձել համոզել:
Հարցին, թե ինչո՞վ է հիմա զբաղվում, վերջինս պատասխանեց՝ «Շինարարությամբ»:










