«Լույս» կրթական հիմնադրամը 75 մլն է տրամադրել «ռեյտինգայինով» վերընտրվել ծրագրող Մարտուն Գրիգորյանի ՀԿ-ին
Գյումրեցի նախկին ԲՀԿ-ական, ԱԺ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ռեյտինգային ցուցակով, քանի որ ինքը «Գյումրի քաղաքում էդ խնդիրը չունի»:
Այս մասին Մարտուն Գրիգորյանն ասաց Tert.am-ի հետ զրույցում: Tert.am-ի հարցին, թե տեղեկություն կա, որ առաջիկա ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով, և հնարավո՞ր է՝ ինքն էլ դառնա ՀՀԿ-ական, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ ես իմ առջև խնդիր չեմ դրել՝ կուսակցական դառնալ-չդառնալու: Իսկ եթե մասնակցելու եմ ԱԺ ընտրություններին, բնականաբար, ինչ-որ մի կուսակցության ցուցակում ընդգրկվելու եմ: Իսկ դա չի ենթադրում պարտադիր կուսակցական դառնալ: Էս պահի դրությամբ ես հստակ որոշում չունեմ: Մոտ ժամանակներս կկայացնենք ու բոլորդ կտեղեկանաք»:
Հստակեցմանը, թե արդեն իսկ տեղեկություններ կան, որ ինքը հենց ՀՀԿ ռեյտինգային ցուցակում է լինելու, ու որոշ ՀՀԿ-ականներ չեն լինելու, և հարցին, թե չի՞ կարծում, որ կարող է խանդ առաջացնի ՀՀԿ-ականների շրջանում, Գրիգորյանը պատասխանեց. «Երբ որ հստակ եղավ, որ համամասնական ցուցակով եմ առաջադրվում, էդ ժամանակ արդեն կերևա, խանդն էլ կերևա, ուզելն էլ, չուզելն է: Ես, միանշանակ, ռեյտինգային ցուցակով եմ մասնակցելու: Էսօր Գյումրի քաղաքում ես էդ խնդիրը չունեմ: Էս պահին ճիշտ չէ տվյալ կուսակցությունից առաջ ընկնելը»:
Մինչ այդ պատգամավորը «Լույս» կրթական հիմնադրամից 75 մլն դրամ գումար է ստացել Գյումրու որոշ փողոցների քարապատման համար: Ծրագիրը ներկայացրել է Մարտուն Գրիգորյանի «Հանուն Գյումրու և գյումրեցիների» ՀԿ-ն: «Լույս հիմնադրամից 35 մլն դրամ մեկ է տրվել, որի հետ մենք Գյումրու Մատնիշյան փողոցը կառուցեցինք, և 40 մլն էլ է փոխանցվել «Լույս» հիմնադրամից: Մենք մեր ՀԿ-ով խնդիրը տեսել ենք, թե ինչ մոդելով կառուցենք, քննարկել ենք, եկել ենք էն եզրակացության, որ քարապատումը կրկնակի էժան է, քան ասֆալտապատումը: Ես՝ որպես պատգամավոր, իմ կապերը, հնարավորություններն եմ օգտագործել: Էս պահի դրությամբ հանրապետության նախագահը վստահել է կոնկրետ ինձ, էդ գումարները տրամադրվել են, մենք էլ էսօր արդյունքը տվել ենք: Գյումրիում ման եկեք, փողոցները նայեք»,- ասաց պատգամավորը։
Մարտուն Գրիգորյանը չի թաքցնում, որ նախընտրական շրջանում դա ներկայացվելու է որպես իր կողմից արված աշխատանք: «Եթե ուրիշ մարդ է կատարել էդ աշխատանքը, կարող է նա գալ վերցնել էդ պատասխանատվությունը: Հարցն անհասկանալի է: Էսօր մարդիկ պետբյուջեով աշխատանքներն անում են ու դա վերագրում են իրենց: Ես՝ որպես պատգամավոր, կարողացել եմ Գյումրու էդ կարևորագույն խնդիրը ճիշտ ներկայացնել նախագահին ու էդ գումարը բերել: Բա ի՞նչ ենք ներկայացնելու էդ աշխատանքը»:
Հստակեցմանը, թե չէ՞ որ դա «Լույս» կրթական հիմնադրամի միջոցներով է կատարվել, ոչ թե իր, Գրիգորյանը հակադարձեց. «Իսկ ով է ասել, որ իմ սեփական միջոցներով է: Էսօր իմ առաքելությունը էն է, որ քաղաքի խնդիրները կարողացել ենք ճիշտ հասցնել տեղ և ճիշտ, կոնկրետ կարևոր խնդիրը ներկայացնելու արդյունքում ֆինանսավորում է եղել: Վստահել են ինձ, ֆինանսավորումն արվել է, Մադոյան փողոցը կառավարության հրատապ ծրագրով է ֆինանսավորվել: Իսկ Մատնիշյան փողոցը «Լույս» հիմնադրամից»:










