Հայաստանը շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է. մոլդովացի փորձագետ
Մոլդովայի նախագահի նախկին խորհրդական, նախկինում Ռուսաստանում Մոլդովայի դեսպան Անատոլ Ցերանուն Tert.am–ի հետ զրույցում նկատում է, որ իսկապես երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Բուլղարիայի և Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթեցին թեկնածուներ, որոնք իրենց դիրքավորել էին որպես ռուսամետ գործիչներ: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ չնայած եղած բնորոշումներին, ինքը չի համարում, որ մասնավորապես ԱՄՆ-ի և Բուլղարիայի նախագահներն իրականում ռուսամետ են:
«Ես կարծում եմ, որ նրանք քաղաքական գործիչներ են, որոնք տեսնում են իրենց երկրի ապագան Ռուսաստանի հետ այլ հարաբերություններում,- ասաց նա՝ հավելելով,- Ինձ համար միանգամայն ակնհայտ է, նախընտրական հռետորաբանությունը տարբերվում է, իրական քաղաքականությունից»:
Բուլղարիայի մասին մոլդովացի դիվանագետը նշեց, որ ակնհայտ է, որ այստեղ Բուլղարիայի հանրության մեծամասնությունը բավարարված չէ, նրանց սպասումները չեն համապատասխանում եղած մակարդակին, որին երկիրը հասել է՝ դառնալով Եվրամիության անդամ: «Այստեղից է դժգոհությունը, և ակնհայտ ու տրամաբանական է, որ կլինեն քաղաքական գործիչներ, որոնք այդ դժգոհությունների հետ կխաղան»,- ասաց նա:
Խոսելով այն մասին, թե ինչ կատարվեց հենց իր երկրում՝ Մոլդովայում, դիվանագետը նշեց, որ այստեղ նորընտիր նախագահի՝ Իգոր Դոդոնի մասին միանշանակ կարելի է ասել՝ ռուսամետ քաղաքական գործիչ է:
«Մոլդովայում շատ փորձագետներ ասում են, որ նրան այստեղ Ռուսաստանն է պահում, և դա իրականություն է: Ինչո՞ւ դա եղավ Մոլդովայում․ պրո-եվրոպական ուժերը, որոնք 2009 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխանության եկան, չկարողացան իրականացնել իրենց խոստումների մեծամասնությունը, և եվրոպական ինտեգրացիայի մոլդովական տարբերակը դրսևորվեց միայն հռետորաբանության մեջ, իսկ իրականում եվրոպական ռեֆորմներ այդպես էլ չեղան: Դա հասարակության մեջ առաջացրեց շատ մեծ դժգոհություն, որոնք օգտագործում են ռուսամետ և Ռուսաստանին կողմնակից քաղաքական գործիչները»,– ասաց նա:
Անատոլ Ցերանուն նկատեց, որ Ռուսաստանի մշտական ցանկություններից է աշխարհը և հատկապես հետխորհրդային երկրներն իր ազդեցության տակ պահելը: Նրա խոսքով՝ «երբ Ռուսաստանը խոսում է «ռուսական աշխարհի» մասին, նա նկատի է ունենում ամենաշատ իր ազդեցությունն ունեցող տարածքները, որոնք նա համարում է իրենը և շատ խանդով է վերաբերվում այդ տարածքում ցանկացած այլ քաղաքական ազդեցություններին»:
«Դա շատ նորմալ է, այդպես էր ամբողջ խորհրդային տարիների ընթացքում, և կարծում եմ, որ այդ քաղաքականությունը կպահպանվի դեռ երկար տարիներ»,- ասաց նա՝ նշելով, որ այդ պատճառով բոլոր հետխորհրդային երկրներն իրենց քաղաքականությունը կառուցելիս պետք է հաշվի առնեն Ռուսաստանի այդպիսի քաղաքականության մշտականությունը:
Ռուսաստանում Մոլդովայի նախկին դեսպանի խոսքով՝ նման քաղաքականությունն այդքան աղետաբեր չէր լինի, եթե Ռուսաստանը կարողանար հետխորհրդային երկրներին առաջարկել զարգացմանն ուղղված կառուցողական ծրագրեր: «Ռուսաստանը գերտերություն է, և փոքր երկրները միշտ կողմնորոշվում են դեպի մեծերը»:
Դիտարկմանը, թե Հայաստանը փաստորեն որոշեց ընտրել ռուսական կողմնորոշում և տարիներ առաջ չստորագրեց Եվրամիության հետ ստորագրվող ասոցացման համաձայնագիրը, իսկ նույն համաձայնագիրն ստորագրած Մոլդովան փաստորեն հիասթափվեց և տարիներ անց ընտրեց եվրոպական կողմնորոշումը, Անատոլ Ցերանուն պատասխանեց․ «Հայաստանը շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է գտնվում: Եթե Ռուսաստանի կողմը չանցնի՞ կամ ո՞ւմ ՝ Թուրքիայի՞ կողմն անցնի: Եվ այդ առումով Հայաստանը մեծ ընտրության հնարավորություն չունի: Նա գտնվում է ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում՝ ի տարբերություն Մոլդովայի: Վերջինը Արևմտյան երկիր է և միշտ հնարավորություն ունի դուրս գալու, նրա առջև Արևմուտքի դռները հնարավոր է, որ միշտ բացվեն»:
Ամփոփելով թեման՝ Անատոլ Ցերանուն նշեց, որ տարբեր երկրներում և մասնավորապես Մոլդովայում պրո-ռուսական նախագահների հաղթանակը պարզապես որոշակի թրենդ է․ «Եվ դեռ պարզ չէ, թե այս թրենդի մեկնարկը կավարտվի՞ աշխարհաքաղաքական ուղեգծի փոփոխություններով․ դա դեռ ապագայի հարց է»,- ասաց նա:










