CodeFights հայկական ստարտափը 10 մլն դոլարի ֆինանսավորում է ստացել
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններից մեկը՝ Տիգրան Սլոյանի հիմնած CodeFights-ը, 10 մլն դոլարի ֆինանսավորում է ստացել ներդրումներով զբաղվող e.ventures վենչուրային ընկերությունից:
Ինչպես հայտնում է techcrunch.com կայքը, Սլոյանը մանրամասնել է, որ ընթացիկ տարվա ապրիլից առ այսօր CodeFights-ի օգտատերերի բազան ավելացել է 10 անգամ, ինչը, ըստ ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրենի, մեծ մասամբ պայմանավորված է հաջող մարքեթինգային քաղաքականությամբ:
Բացի այդ, Սլոյանը խոստովանել է, որ սկզբնական փուլում վստահ չէր, թե ինչպես է CodeFights-ը գտնելու իր հաճախորդներին, սակայն քրտնաջան աշխատանքը տվել է իր արդյունքը:
CodeFights-ը թույլ է տալիս խաղի միջոցով ստուգել ծրագրավորման մասին գիտելիքներն ու զարգացնել դրանք։ Այն հնարավորություն է տալիս կատարելագործվել` խաղի միջոցով մրցելով այլ խաղացողների հետ: Դրա առանձնահատկություններից մեկն այն է, որ մասնակիցները հնարավորություն են ստանում կապ հաստատել այլ գործատուների հետ, որոնք հետաքրքրված են իրենցով:
Techcrunch.com-ի հետ զրույցում Սլոյանն ընդգծել է, որ իրեն ամենաշատ ոգևորող փաստերից մեկն այն է, որ CodeFights-ն աշխատանքային շուկա է ստեղծում այն ծրագրավորողների համար, որոնք թեպետ չեն սովորել հեղինակավոր ինժեներական կրթական հաստատություններում, սակայն տիրապետում են բավականաչափ մասնագիտական հմտությունների՝ ՏՏ ոլորտի շատ ընկերությունների արժեքավոր ծառայություններ մատուցելու համար:
«Օրինակ՝ 20 տարի առաջ հոյակապ ծրագրավորող լինելու համար պետք էր ավարտել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը կամ Սթենֆորդի համալսարանը կամ էլ որևէ հեղինակավոր ընկերությունում աշխատանքային փորձ ունենալ»,-նշել է Սլոյանը՝ նկատելով, որ այժմ իրավիճակն այլ է և որ բնատուր խելքի ու աշխատասիրության առկայության դեպքում կարելի է մասնագիտական հմտություններ ձեռք բերել ու աշխատանք գտնել:
«Այնուհանդերձ՝ շատերը դեռևս նախապատվություն են տալիս կոչում ունեցող մասնագետներին, որոնք կազմում են 2%։ Մինչդեռ ինժեներների մնացած 98%-ը, որոնք կոչում չունեն, հրաշալի մասնագետներ են»,-շարունակել է ստարտափի ղեկավարը:
Այժմ CodeFights-ը մտադիր է 10 մլն դոլարանոց ֆինանսավորումն օգտագործել իր թիմի աշխատանքի զարգացման համար: Բացի այդ, այն ստեղծում է նոր կրթական հարթակ ոլորտի սկսնակների ուսուցման և նրանց մասնագիտական հմտությունների կատարելագործման համար:
Վերադառնալով ստարտափի ֆինանսավորման թեմային՝ աղբյուրը հավելում է, որ e.ventures-ից զատ ներդրումներ են արել նաև SV Angel, Felicis Ventures, A Capital և Granatus Ventures ընկերությունները:










