Գերմանիայում ԻՊ-ի 18-ամյա աջակցին մեղադրանք է ներկայացվել՝ քարոզչական տեքստեր թարգմանելու համար
Գերմանիայի դաշնային դատախազությունն այսօր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցություն տրամադրելու մեղադրանքներ է ներկայացրել Գերմանիայի քաղաքացուն, որն ԻՊ-ի համար քարոզչական տեքստեր է թարգմանել և խմբագրել: Այդ մասին հաղորդվում է գերատեսչության հաղորդագրությունում, գրում է ТАСС-ը:
Քննության տվյալներով՝ 18-ամյա երիտասարդը 2016 թվականի գարնանն իր ծառայություններն է առաջարկել ԻՊ-ի անդամներից մեկին, որը զբաղվում էր քարոզչության տարածմամբ: Մեղադրյալը հայտարարել է տեքստերն անգլերեն, գերմաներեն և թուրքերեն թարգմանելու պատրաստակամության մասին: Հունիսի սկզբից մինչև հուլիսի սկիզբն ընկած ժամանակահատվածում նա ավարտել է մեկ տեքստի թարգմանություն և խմբագրել է ևս 8 տեքստ, այնուհետև դրանց մի մասը տեղադրել է համացանցում:
Երիտասարդը ձերբակալվել է հուլիսի 14-ին և այդ ժամանակից ի վեր գտնվում է նախնական կալանքի համար նախատեսված բանտախցում:










