Լոս Անջելեսում կայացած աճուրդում Մերիլին Մոնրոյի զգեստը վաճառվել է 4,8 միլիոն դոլարով (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյի զգեստը, որով նա ելույթ է ունեցել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան տոնակատարությանը, Լոս Անջելեսում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է 4,8 միլիոն դոլարով: Աճուրդը հինգշաբթի երեկոյան իրականացրել է Julien’s Auctions աճուրդի տունը:
Խոսքը ֆրանսիացի դիզայներ Ժան Լուիի պատրաստած՝ փայլերով զարդարված կիսաթափանցիկ զգեստի մասին է: Մոնրոն այն կրել է 1962 թվականի մայիսի 19-ին Նյու Յորքի «Մեդիսոն սքուեր գարդենի» բեմի վրա Քենեդիի 45-ամյակի պատվին կազմակերպված տոնական միջոցառմանը:
Դերասանուհին 15 հազար հանդիսատեսի առաջ կատարել է «Happy Birthday to You» երգը: Լոտի արժեքը գնահատվել է մոտ 3 միլիոն դոլար:
Աճուրդին, որը կտևի երեք օր, ներկայացված են նաև դերասանուհուն պատկանող այլ իրեր: Խոսքը, մասնավորապես, այլ զգեստների, զարդերի, ինչպես նաև անձնական լուսանկարների և աստղի կողմից ստորագրված բացիկների մասին է:






















