«260 նաիրիտցի ամեն օր հսկում է ողջ Նաիրիտի տարածքը, մի՞թե դա աշխատանք չէ». բողոքի ակցիա Կառավարության դիմաց

11:00 • 18.11.16

Կառավարության շենքի դիմաց այս պահին նաիրիտցիները շարունակում են բողոքի ակցիան:

«Վարչապե՛տ, աշխատավա՛րձ» վանկարկումներով նրանք պահանջում են Կառավարությունից վճարել իրենց նախորդ հինգ ամիսների աշխատավարձերը:

Նաիրիտցիների դժգոհության պատճառ է դարձել նաև երեկ ԱԺ-ում ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հայտարարությունը այն մասին, որ «Նաիրիտի» 260 աշխատակիցներ վերջին ամիսներին որևէ աշխատանք չեն կատարել:

«260 նաիրիտցի ամեն օր հսկում է ողջ Նաիրիտի տարածքը, որտեղ կան մեծ թվով դյուրավառ ու պայթյունավտանգ նյութեր: Մի՞թե դա աշխատանք չի: Մենք հսկում ենք, որպեսզի չթալանեն ու նաև ապահովում ենք շրջակա միջավայրի անվտանգությունը: Եթե մենք դա չանենք, ապա ո՞վ», - Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց «Նաիրիտի» 40 տարվա աշխատակիցը:

Ֆինանսների նախարարի հայտարարությանը նաիրիտցիները պատասխանում են «Արամյա՛ն, ա-մոթ» վանկարկումներով: