Մենք մեր քաղաքացիներին չենք արտահանձնում. Ուկրաինայի գլխավոր դատախազը Սաակաշվիլիի արտահանձնման մասին
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հերքել է տեղեկությունը, որ Միխեիլ Սաակաշվիլիին կարող են արտահանձնել Վրաստանին: Այդ մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազի խոսքերը:
«Ուկրաինան իր քաղաքացիներին այլ երկրների չի արտահանձնում: Վերջակետ»,- ասել է նա:
Ավելի վաղ «Ուկրաինսկայա պրավդա»-ին աղբյուրը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահի շրջապատում քննարկվել է Վրաստան Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնման հարցը:
Աղբյուրը նշել է, որ իշխանությունները չեն կարող օրենքով Սաակաշվիլիին զրկել քաղաքացիությունից: Այդ առնչությամբ Կիևը դիտարկում է նախկին նահանգապետի արտահանձնման հարցը:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլու դեմ Վրաստանում քրեական գործ է բացված:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն իբր մտադիր է զրկել իրեն ուկրաինական քաղաքացիությունից: Այդ մասին Սաակաշվիլին գրել է Facebook-ի իր էջում՝վկայակոչելով «շատ լավ տեղեկացված աղբյուրի»:
Պորոշենկոն ազատել է Սաակաշվիլիին Օդեսայի նահանգապետի պաշտոնից նոյեմբերի 9-ին: Նա Օդեսայի նահանգապետ էր նշանակվել 2015 թվականի մայիսի 30-ին:
Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել 2015 թվականի մայիսի 29-ին:










