Սլովենիան դարձել է ԵՄ առաջին երկիրը, որը ջրի իրավունքը ներառել է Սահմանադրությունում
Սլովենիայի իշխանությունները երկրի սահմանադրության մեջ փոփոխություն են կատարել՝ պետության քաղաքացիների համար ջրի իրավունքը հիմնարար դարձնելու նպատակով, գրում է The Guardian-ը:
«Ջրային ռեսուրսները հանրային բարիք են, որը կարգավորվում է պետության կողմից: Ջրային ռեսուրսներն առաջին հերթին նախատեսված են քաղաքի բնակիչներին, ինչպես նաև տնային տնտեսություններին ջրով ապահովելու համար, և այդ առումով ջուրը չի կարող լինել շուկայական ապրանք»,- ասված է փաստաթղթում:
Սահմանադրությունում նոր հոդվածի համաձայն, որի օգտին քվեարկել է 90 խորհրդարանականներից 64-ը, «յուրաքանչյուրն ունի խմելու ջրի իրավունք»: Հատկանշական է, որ ոչ ոք հանդես չի եկել փոփոխության ներդրման դեմ, իսկ Սլովենական դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ձեռնպահ են մնացել, քանի որ դա անհրաժեշտ քայլ չեն համարել:
Սլովենիան դարձել է Եվրամիության առաջին երկիրը, որը ջրի իրավունքը ներառել է Սահմանադրությունում:










