Աղբյուրը հայտնել է Տարտուսում լիարժեք ռուսական բազա ստեղծելու մասին

17:20 • 18.11.16

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սիրիական Տարտուս քաղաքում ռուսական բազա է ուղարկել նավեր, նավակներ և տեխնիկական սարքավորում, որն անհրաժեշտ է լիարժեք ռազմածովային բազայի համար: Այդ մասին ուրբաթ «Интерфакс»-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:


Աղբյուրի խոսքով՝ դրանից մեկ օր առաջ սևծովյան նեղուցներով հարավ-արևմտյան ուղղությունով անցել է ՄԲ-31 քարշանավը:


Հոկտեմբերի 17-ին հայտնի է դարձել, որ սիրիական Տարտուս քաղաքում ռուսական ռազմածովային բազայի տեղակայման մասին համաձայնագիրը կնքվելու է 49 տարով: Դրանից մի քանի օր առաջ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը հայտարարել է, որ Տարտուսում նավատորմի մշտական բազայի ստեղծման մասին համաձայնագիրը կարող է վավերացվել մինչև 2016 թվականի ավարտը:


Բազայի տեղակայման մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 10-ին, երբ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը պատմել է, որ համապատասխան փաստաթղթերը պատրաստ են և անցնում են միջգերատեսչական համաձայնեցման գործընթաց: