Ապօրինի հարստացման քրեականացումն արդյունավետ մեխանիզմ կդառնա. Վաչե Գաբրիելյան (տեսանյութ)

15:50 • 18.11.16

Ապօրինի հարստացման քրեականացումն արդյունավետ մեխանիզմ կդառնա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ նշելով, որ եթե պետական պաշտոնյայի կողմից հայտարարագրված գույքի ավելացումը չունի տրամաբանական բացատրություն, ապա անձը պետք է ենթարկվի որոշակի պատժամիջոցների:

«Պատժամիջոցները հստակ նշված են, քանի որ մարմինները պարտավոր են իրականացնել և պարտավոր են լինելու նաև ըստ հակակոռուպցիոն ռազմավարությունը, որը հիմա կվերջանակացվի, դրանք պարտավոր են լինելու հաշվետվողականության, այսինքն՝ հրապարակված տվյալների վերաբերյալ պետք է լինի հաշվետվողականություն: Հուսով եմ՝ սա գործուն մեխանիզմ է և այլ երկրներում աշխատել է»,- ասաց փոխվարչապետը:

Tert.am-ի հարցին, թե ինչո՞ւ օրենքը պետք հետադարձ ուժ չունենա ու բոլոր նրանք, ովքեր արդեն իսկ հարստացել են ապօրինի ճանապարհով պատասխանատվության չենթարկվեն, Գաբրիելյանը պատասխանեց, թե հարցը իրավական է, հասցեատերը ինքը չէ: 

«Մեր խնդիրը նախաձեռնելն է, մենք նախաձեռնելու ենք ու ներկայացնելու ենք, հիմա, եթե դուք հույս չունեք, մենք հույս ունենք»,– ասաց նա: