Օքլահոմայի բնակիչները երկրաշարժերի պատճառով դատական հայց են ներկայացրել 27 նավթային ընկերության դեմ

10:38 • 19.11.16

ԱՄՆ Օքլահոմա նահանգի Փոունի քաղաքի բնակիչները դատական հայց են ներկայացրել 27 նավթային ընկերության դեմ՝ դրանց մեղադրով վերջերս տեղի ունեցած երկրաշարժերի համար:


Ինչպես հայտնում է Associated Press-ը, բնակիչների պնդմամբ՝ նավթի ու բնական գազի արդյունահանման  հետևանքով գոյացած կեղտաջրերը դարձել են իրենց բնակավայրում ստորգետնյա ուժեղ ցնցումների առաջացման պատճառ:


Ներկայացված հայցում նշվում է, որ ընկերությունները շարունակել են գետնի տակ կուտակել կեղտաջրերը՝ լավ իմանալով երկրաշարժերի վտանգի առկայության մասին:


Աղբյուրը մանրամասնում է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին մոտ 2.200 բնակչություն ունեցող քաղաքում  տեղի է ունեցել 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել է ևս 52 ստորգետնյա ցնցում: Մինչդեռ նոյեմբերի 6-ին տեղի ունեցած 5 մագնիտուդ  ուժգնությամբ երկրաշարժը վնասել է տասնյակ շինություններ:


Նշվում է նաև, որ հայցվոր կողմի՝ փոխհատուցման համար պահանջած գումարի չափը հայտնի չէ: