Չինաստանում գրանցվել է մարդու վրա ռոբոտի կողմից հարձակման առաջին դեպքը
Չինաստանի Շենչժեն քաղաքում անցկացվող IT ցուցահանդեսի ժամանակ գրանցվել է ռոբոտի կողմից մարդուն վնաս հասցնելու առաջին դեպքը:
Ինչպես տեղեկացնում է news.mail.ru-ն` վկայակոչելով չինական աղբյուրը, համացանցի օգտատերերն այս իրադարձությունն արդեն անվանել են «մեքենաների ապստամբության սկիզբ»:
Ցուցահանդեսին հարյուրավոր ընկերություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տարատեսակ ապրանքներ և ծառայություններ են ներկայացրել: Տաղավարներից մեկում այցելուներին է ցուցադրվել ոչ մեծ չափսերի ռոբոտ, որը կառուցվածքով և չափսերով նման է եղել «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի հայտնի R2-D2 հերոսին:
Ինչպես հաղորդվում է, նախագծողների մտահաղացմամբ` ռոբոտը նախատեսված է երեխաներին ուսուցանելու և այցելուներին զվարճացնելու համար, սակայն դեռևս չպարզված պատճառներով առանց վերահսկողության մնացած ռոբոտը սկսել է քանդել տաղավարը: Երբ աշխատակիցներից մեկը փորձել է կանգնեցնել ռոբոտին, այն անցել է տղամարդու ոտքի վրայով և նրան պատին սեղմել: Տուժածի համար շտապ օգնություն են կանչել:













