Ռուսերենի իմացությունը ՀՀ–ում պետք է բարձր մակարդակի լինի, բայց ոչ 2-րդ պետական լեզվի կարգավիճակում. Շարմազանով (տեսանյութ)
Հայաստանի պետական լեզուն հայերենն է ու չկա որևէ անհրաժեշտություն այլ լեզուներին տալու երկրորդ պետական լեզվի կարգավիճակ՝ լինի դա ռուսերենը, հունարենը, թե անգլերենը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի հայտարարությանը, ով ասել էր, թե ԽՍՀՄ նախկին երկրներում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհելու հարցը կներառվի Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգ:
«Ես հարգում եմ բոլոր լեզուները, այդ թվում՝ ռուսաց լեզուն, որը Պուշկինի, Լերմոնտովի, Տոլստոյի, Դոստոյևսկու լեզուն է և ինչքան շատ մարդ իմանա ռուսաց լեզուն, տիրապետի ռուսաց լեզվին, հաղորդակից լինի ռուսական մշակույթին, այնքան հաղորդակից կլինի համաշխարհային մշակույթին:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ռուսերենը երկրորդ պետական լեզու կարող է լինել, ապա Հայաստանում կա ու կմնա պետական մեկ լեզու, ՀՀ պետական լեզուն հայերենն է ու որևէ անհրաժեշտություն այլ լեզուներին տալու երկրորդ կարգավիճակ՝ չկա, կլինի դա ռուսերենը, հունարենը, թե անգլերենը»,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը:
Միաժամանակ, խորհրդարանի փոխնախագահն ասաց, թե հայ հանրության մեջ օտար լեզուների իմացության խորացման, այդ թվում՝ ռուսերենի իմացության խորացմանն ուղղված քայլեր, անշուշտ, պետք է կատարվեն:
«Երիտասարդներն առնվազն երկու օտար լեզվի պետք է տիրապետեն՝ անգլերենի, ռուսերենի: Սա ոչ թե ինտելեկտուալ շքեղություն է, այլ՝ անհրաժեշտություն»,- նշեց Շարմազանովը:
Դիտարկմանը, թե անգլերենի դեպքում, օրինակ՝ ակնարկներ, հայտարարություններ չեն արվում, որ այն պետք է դառնա պետական երկրորդ լեզու, ապա ԱԺ փոխնախագահն այնպես արձագանքեց. «Չեմ կարող ասել՝ ինչ ակնարկների մասին է խոսքը: ՀՀ-ում նման անհրաժեշտություն չկա, Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Կրկնում եմ, նորմալ է, որ մենք խորացնենք ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի և այլ լեզուների իմացության մակարդակը: Պետական լեզու դառնալու մասին խոսք լինել չի կարող: Իմացության խորացման մասին է խոսքը, լավ չէ՞, որ Շեքսպիրը կարդաս անգլերենով, իսկ Տուրգենևը՝ ռուսերենով»:
Ըստ Շարմազանովի՝ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում ռուսերենի իմացությունն անհրաժեշտություն է, ինչպես Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Արևմուտք հարաբերությունների կոնտեքստում՝ անգլերենը:
Էդուարդ Շարմազանով նաև ասաց, որ պառլամենտականներին էլ հարկավոր է օտար լեզուների իմացություն՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն: «Եթե տասը տարի առաջ քաղաքական գործիչը ռուսերեն խոսելով զարմացնում էր, հիմա ոչ մեկին սահուն ռուսերեն խոսելով զարմացնել չես կարող: Ամոթ է չիմանալը, իմանալը՝ մեծ շքեղություն չէ»,- շեշտեց խորհրդարանի փոխնախագահը։










