Իրանից ՀՀ տարածքով Բուլղարիա, Հունաստան գազ արտահանելու հնարավորություն է պետք. իրանագետի գնահատականը` Ռոհուանիի այցին ընդառաջ

10:50 • 19.11.16

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Հայաստան կունենա և՛ ամփոփիչ նշանակություն, և՛ կնշանավորվի երկու երկրների հարաբերություններում սպասվող նոր օրակարգերի հաստատումով:

«Կքննարկվեն արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող կամ արված ծրագրերը, կքննարկվեն հայ-իրանական հարաբերություններում եղած խնդիրները, և ակնհայտ է, որ նման տեսակի բարձր մակարդակի հանդիպումներում չեն կարող չնախանշվել նոր ծրագրեր, ուղենիշներ, նոր գործողությունների օրակարգ»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Իրանագետը նշեց, որ երկու երկրների միջև եղած հարաբերություններն այնքան բազմաշերտ են և բազմաբովանդակ, որ չի բացառվում, որ այցի շրջանակներում նոր առաջարկներ կլինեն:

Նշենք, որ Իրանի նախագահներից երկու անգամ Մահմուդ Ահմադինիժադն է Հայաստան այցելել՝ 2007-ին և 2011-ին: Փաստորեն չորս տարի հետո, ըստ «Փարս» լրատվական գործակալության, նոյեմբերի 20-ից հետո Հայաստան կայցելի Հասան Ռոուհանին:

Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններում եղած համագործակցություններին, նկատեց, որ երկու երկրների միջև չկան ծրագրեր, որոնք թարմացվել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո:

«Իրականացված ծրագրերից մեկը երկու երկրների միջև վիզայի ռեժիմի չեղարկումն է, խոշոր ձեռքբերում, Հայաստան-Իրան հարաբերությունների մեջ աննախադեպ քայլ էր: Երկու երկրների միջև իրականացվող ծրագրերից են էլեկտրաէներգետիկ ոլորտին վերաբերողները»,- ասաց նա՝ կարևորելով Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ էներգետիկ համակարգերում համագործակցության հուշագիրը:

Նա նշեց, որ եթե դիտարկենք «գազ հոսանքի դիմաց» մեխանիզմը, ապա երրորդ բարձրավոլտ գծի շինարարությունից հետո Հայաստան մտնող իրանական գազի ծավալները պետք է 3-5 անգամ ավելանան:

«Դեպի երրորդ երկիր արտահանվող ծավալների մասին առայժմ խոսք չկա, բայց եղած տեղեկատվությունից պարզվում է, որ Հայաստանն արդեն փորձնական որոշ խմբաքանակ վաճառել էր վրացական կողմին»,- ասաց նա՝ հավելելով, որ առկա գազամուղը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար:

Վարդան Ոսկանյանն ավելացրեց նաև, որ եթե հնարավորություններ ստեղծվեն Իրանից Հայաստանի և Վրաստանի տարածքով Բուլղարիա կամ Հունաստան գազ արտահանել, ապա այլ ծրագրեր էլ կարող են իրականացվել:

Իրանագետը նաև նկատեց, որ երկու երկրների դրացիական հարաբերությունների ֆոնին նաև հատկանշական է զբոսաշրջիկների թվի ավելացումը մեր երկրում: Նա նաև կարևոր առաջընթաց է համարում այն, որ Իրանն արդեն սկսել է ճանաչել հայաստանյան պետական բուհերի դիպլոմները:

Վարդան Ոսկանյանը նշեց, որ միակ ծրագիրը, որի իրականացման դանդաղեցումը սպառնում է Հայաստանի անվտանգությանը, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցումն է․ «Այդ ճանապարհի կառուցումով մենք ոչ թե լուծում ենք տնտեսական խնդիր, այլ նաև լուծում ենք Հայաստանին ադրբեջանական շրջափակումից դուրս բերելու  հիմնահարցը, որի ուղղությամբ իրականացված ցանկացած քայլ նաև հասարակության վրա կարող է դրական ազդեցություն թողնել»:

Իրանագետը խոսեց նաև ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի և դրա արդյունքում Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հնարավոր սցենարի, դրա արդյունքում Հայաստանին սպասվողի մասին:

«Հնարավոր է, որ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների միջև որոշակի կոշտացում նկատվի, բայց միջուկային համաձայնագիրը, որը կայացել է Իրանի և Վեցյակի միջև, ընթանում է, համենայն դեպս ընթանում է Իրանի կողմից: Երկու երկրներն էլ  սպասողական տրամադրություններ ունեն՝ հատկապես որ Իրանում էլ առաջիկայում սպասվում են նախագահական ընտրություններ»,- ասաց նա՝ նշելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները կհստակեցվեն եկող տարվա գարնանից կամ ամռանից հետո:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ մենք պետք է հասկանանք, որ Հայաստանն ու Իրանն իրենց հարաբերությունները կառուցում են հազարամյակներ ի վեր, և երկու երկրներին էլ շահավետ է այդ հարաբերությունները զարգացնելը հնարավոր բոլոր ուղղություններով, ըստ իրանագետի՝ դրանք կախված չեն Իրանի նկատմամբ Արևմուտքի կամ որևէ գերտերության վերաբերմունքից: