Մեկ տարի անց. «Այո և Ոչ» իրապատում 20-օրյա շոուն` մտահղացման հեղինակի աչքերով

17:25 • 19.11.16

Ուղիղ մեկ  տարի առաջ այս օրերին մեկնարկած սահմանադրական փոփոխությունների «Այո և Ոչ» իրապատում շոուն, իրոք, հաջողված նախագիծ էր, որն իրոք, նոր քաղաքական մշակույթի նոր տարր մտցրեց հայաստանյան քաղաքական կյանքում: Սա «Այո և Ոչ» իրապատում շոուի մտահղացման հեղինակ Կարեն Քոչարյանի` նախագծին տված հետահայաց գնահատականն է:

«Սա ոչ միայն իմ կարծիքն է, այլ անգամ այն քաղաքական գործիչների, որ չմասնակցեցին, բոյկոտեցին, օրինակ` Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ որպես պրոյեկտ այն փայլուն նախագիծ է»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ հեռուստանախագիծը մեկնարկեց «Պանարմենիան մեդիա գրուպի» բակից, երբ քարոզարշավի ու իրապատման մասնակից 16 քաղաքական և հասարակական գործիչներ ուղևորվեցին Հայաստանի հարավ և հյուսիս, որտեղ 20 օրվա ընթացքում  հարավային  և հյուսիսային մարզերի ողջ ճանապարհին «Այո»-ներն ու «Ոչ»-երը հանդիպեցին մարդկանց հետ,  զրուցեցին, բացատրեցին,  քարոզեցին և վիճեցին հարցի շուրջ, թե արդյոք անհրաժեշտ են Հայաստանին սահմանադրական փոփոխություններ:

Այս իրապատման շրջանակներում պատգամավոր Հրանտ Բագրատյանը նաև կիթառ էր նվագում, պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` շախմատ ու նարդի խաղում, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը` ֆուտբոլ խաղում, պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարտոֆիլի «պլեճ» պատրաստում, Կարինե Աճեմյանը չիր էր համտեսում, իրար հետ նստում էին թեյի, գինու,  օղու սեղանի շուրջ:

Հարցին, թե ինչու այս իրապատումը որևէ շարունակություն չունեցավ, Կարեն Քոչարյանը նկատեց.«Որովհետև դրանից հետո որևէ համապետական մասշտաբի իրադարձություն սահմանադրական հանրաքվեից հետո չեղավ»:

Իսկ արդյո՞ք այս իրապատում շոուի մտահղացման հեղինակը չի ուզում անել նաև 2017-ի ընտրություններից ժամանակ:  Կարեն Քոչարյանը դժվար է պատկերացնում այս ձևաչափը` խորհրդարանական ընտրությունների պարագայում:

«Եթե այնտեղ 2 խումբ էր` «Այո» և «Ոչ», պառլամենտական ընտրությունների ժամանակ շատ ավելի բազմազան է լինելու կուսակցությունների պալիտրան` 10-12 նվազագույնը, իսկ դա ապահովելը ֆիզիկապես անհնար է: Գիտեք, ամեն ինչ տեսականորեն հնարավոր է, բայց փաստացի շատ բարդ կլինի, որովհետև անգամ «Այո», «Ոչ»-ի ժամանակ  երկու կողմն էլ բողոքում էին, որ, այ, մեր կարծիքը հաշվի չառան, «Այո»-ն ասում էր` «Ոչ»-ին եք շատ ժամանակ տալիս, նրանք` «Այո»-ին: Չնայած, որպես կանոն, ժամացույցով պահվում էր ժամանակը: Հիմա պատկերացրեք` ինչ կլինի 10 կուսակցությունների դեպքում»,– ասաց Կարեն Քոչարյանը: