Facebook-ը Լոնդոնում շտաբ-գրասենյակ կբացի
Աշխարհում ամենախոշոր սոցիալական ցանցերից մեկը՝ Facebook-ը, շտաբ-գրասենյակ կբացի Լոնդոնում: Այդ մասին Բրիտանիայի մայրաքաղաքում հայտարարել է ընկերության եվրոպական բաժնի ղեկավար Նիկոլա Մենդելսոնը, գրում է ТАСС-ը:
«Լոնդոն 2007 թվականին ժամանել է մեր աշխատակիցների միայն մի խումբ: Հաջորդ տարվա վերջին մենք Բրիտանիայի մայրաքաղաքում կբացենք նոր շտաբ-գրասենյակ, որտեղ կաշխատի 1500 մարդ»,-ասել է Մենդելսոնը:
Նրա խոսքով՝ նոր շենքի կառուցումն այժմ իրականացվում է Լոնդոնի կենտրոնում գտնվող Ֆիցրովիա թաղամասում:
«Facebook-ի որոշումը՝ ընդլայնել իր գործունեությունը Լոնդոնում, ևս մեկ ցուցանիշ է, որ թագավորության մայրաքաղաքը շարունակում է աճել որպես տեխնոլոգիական կենտրոն»,- նշել է բրիտանական մայրաքաղաքի քաղաքապետ Սադիկ Հանը:
Ավելի վաղ Լոնդոնում շտաբ-գրասենյակի ընդլայնման պլանների մասին հայտնել է Google կորպորացիան: Տեխնոլոգիական հսկայի գործադիր տնօրեն Սունդար Պիչաիի խոսքերով՝ Google-ը կկառուցի 10-հարկանի շենք՝ ի հավելումն արդեն գոյություն ունեցող գրասենյակային տարածքների և կստեղծի երեք հազար նոր աշխատատեղ:










