Գիտնականները կօգնեն ապագա մայրերին տեսնել պտղի 3D լուսանկարները
Բրազիլացի բժիշկներին հաջողվել է վերականգնել կնոջ արգանդում պտղի պատկերը՝ օգտագործելով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի տվյալները: Նրանց ծրագիրը, որը թույլ է տալիս կանանց տեսնել իրենց երեխային դեռևս ծնունդից առաջ վիրտուալ իրականության սաղավարտի օգնությամբ, ներկայացվել է Չիկագոյում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Սաղմի եռաչափ մոդելները և վիրտուալ իրականության տեխնոլոգիաները կարող են օգնել մեզ բարելավել մեր պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին է սաղմի անատոմիան, և թույլ են տալիս մեզ օգտագործել նման լուսանկարներն ուսանողների համար ու ցույց տալ դրանք ապագա մայրերին: Դրանք կարելի է տեսնել Occulus Rift-ի և վիրտուալ իրականության այլ սաղավարտների միջոցով»,- հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյում վիզուալ ախտորոշման հիվանդանոցի ներկայացուցիչ Էրոն Վերները:
Նշվում է, որ ներկայիս լուսանկարների որակը թույլ չի տալիս տեսնել, թե ինչպիսին է և ինչպիսի տեսք է ունենալու երեխան ծնվելուց հետո: Վերները և նրա գործընկերները որոշել են շտկել այդ թերությունը՝ եռաչափ լուսանկարներ ստանալու հատուկ մեթոդաբանություն մշակելով, որը թույլ է տալիս ոչ միայն ստանալ սաղմի լիարժեք լուսանկարը, այլև տվյալներ նրա օրգանների մասին:










