Ճապոնիայում մեգաֆոն է ստեղծվել, որը թարգմանում է խոսքը մի քանի լեզուներով (տեսանյութ)
Panasonic ընկերությունը նորարար մեգաֆոն (բարձրախոս) է ստեղծել, որն ավտոմատ կերպով թարգմանում է ճապոներեն ասված խոսքը անգլերեն, չինարեն և կորեերեն։
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` ճապոնական ընկերությունն այս նորարարությունը ստեղծել է` օգնելու տեղի ընկերություններին ավելի լավ սպասարկել երկրում գնալով աճող օտարեկրացի այցելուներին: Սարքը ստացել է Megahonyaku անվանումը, որը կազմված է ճապոներեն «մեգաֆոն» և «թարգմանել» բառերից:
Երբ խոսողը ճապոներեն նախադասություն է արտասանում մեգաֆոնի միջով, այն իրական ժամանակում ճանաչում և թարգմանում է ասվածը մի քանի լեզուներով:
Սարքը, իհարկե, չի կարող թարգմանել ամեն ինչ, այն կարող է հասկանալ նախապես ծրագրավորված 300 ամենից շատ օգտագործվող արտահայտությունները, ինչպես օրինակ` «Գնացքն ուշանում է»:










