Արվեստագետ Ջեֆ Կունսը Փարիզին քանդակ կնվիրի ի հիշատակ ահաբեկչության զոհերի
Ամերիկացի արվեստագետ Ջեֆ Կունսը Փարիզին և Ֆրանսիայի ժողովրդին քանդակ կնվիրի ի հիշատակ ահաբեկչության զոհերի, գրում է The New York Times-ը:
10 մետր բարձրությամբ, 8 մետր լայնությամբ քանդակը կոչվում է «Կակաչների ծաղկեփունջ»: Նրա համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Ազատության արձանը, իսկ ավելի հստակ՝ նրա ձեռքը: ԱՄՆ-ն այդ արձանը նվեր է ստացել Ֆրանսիայից:
Կունսը նաև ոգեշնչվել է Ժան Օնորե Ֆրագոնարի, Պաբլո Պիկասոյի և այլ նկարիչների «ծաղկային» նկարներից:
Այժմ «Կակաչների ծաղկեփնջի» աշխատանքներն իրականացվում են Գերմանիայում: Քանդակը պատրաստվելու է բրոնզից, պողպատից և ալյումինից: Նախատեսված է այն տեղադրել 2017 թվականին:
Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն հայտարարել է, որ քանդակը կդառնա անհանգիստ ժամանակներում «լավատեսական ուղերձ»:
Հիշեցնենք, որ Փարիզում 2015 թվականի նոյեմբերի 13-ին տեղի էր ունեցել հարձակումների շարք, որի հետևանքով մահացել է մոտ 130 մարդ։










