ԱՄՆ-ում նոր մեթոդ են մշակել, որի շնորհիվ սմարթֆոնն ի վիճակի կլինի լիցքավորվել հաշված վայրկյանների ընթացքում
Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի մի խումբ գիտնականներ մշակել են ճկուն սուպերկոնդենսատորների արտադրության նոր մեթոդ, հաղորդում է Engadget-ը: Լիցքավորման նման աղբյուրով սմարթֆոնն ի վիճակի կլինի լիցքավորվել հաշված վայրկյանների ընթացքում և աշխատել մեկ շաբաթ շարունակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ սուպերկոնդենսատորի տարբերությունը սովորական մարտկոցից լիցքը մակերեսի վրա պահպանելն է: Սուպերկոնդենսատորի արտադրության համար օգտագործվել են մեկ նանոմետր հաստությամբ միլիոնավոր թելեր, որոնք պատված են գրաֆենի բարակ շերտով. սա ապահովում է էներգիայի բարձր խտությունը և հզորությունը, ինչպես նաև էլեկտրոնների արագացված փոխանցումն արագ լիցքավորման համար:
Գիտնականներն իրենց աշխատանքն անվանում են «կոնցեպցիայի հաստատում» և պլանավորում արտոնագրել սուպերկոնդենսատորների ստեղծման նոր մեթոդը:











