Facebook-ը ծրագիր է մշակել օգտատերերի լրահոսը գրաքննության ենթարկելու համար. NYT
Facebook սոցիալական ցանցը մշակել է ծրագիր, որը թույլ է տալիս գրաքննել տարբեր երկրներում օգտատերերի լրահոսները: Այդ մասին գրում է The New York Times-ը:
Facebook-ի աշխատակիցներից թերթին հայտնել են, որ այդ ծրագրային ապահովումը գաղտնի է: Այն ստեղծվել է հատուկ Չինաստանում կիրառելու համար՝ այդ երկրում սոցիալական ցանցի տարածմանը նպաստելու նպատակով: Դրա օգտագործման առնչությամբ վերջնական ծրագրեր դեռ չկան:
Ինչպես նշում է թերթը, Facebook-ի ղեկավարությունը մտադիր չէ ինքնուրույն վերահսկողություն իրականացնել, թե ինչ նորություններ, հաղորդագրություններ կամ թեմաներ դուրս կմնան օգտատերերի լրահոսներից: Նոր գործառույթը թույլ է տալիս այդ հնարավորությունը տրամադրել երրորդ կողմի:
Ինչպես նշում է թերթը, տվյալ դեպքում նշված լիազորությունները, հավանաբար, կարող էին փոխանցվել Facebook-ի գործընկեր հանդիսացող չինական ընկերության:
Թերթն այդպիսի ծրագրի ստեղծումը գնահատում է որպես վկայություն առ այն, որ Facebook-ը կարող է հեռանալ իր սկզբունքներից: Հոդվածում նշվում է, որ վերջին տարիներին Facebook-ի ներկայացուցիչներն ակտիվ ջանքեր են գործադրել չափազանց գրավիչ չինական շուկան «նվաճելու» համար: Նրանք մի շարք այցեր են կատարել երկիր և հանդիպել են Չինաստանի պաշտոնյաների հետ:










