ՆԱՍԱ-ում հայտնել են՝ Մարսից հետո որն է լինելու գաղութացման նոր թիրախը
ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մոլորակաբաններն անվանել են այն երկնային մարմինը, որը Մարսից հետո ամենահարմարն է գաղութացման համար:
Ինչպես նշում է lenta.ru-ն, խոսքը Սատուրնի արբանյակներից մեկի՝ Տիտանի մասին է, որը, Երկրից բացի, Արեգակնային համակարգի միակ երկնային մարմինն է, որն ունի հեղուկ լճեր: Սակայն դրանց բաղադրության մեջ ոչ թե ջուր է, այլ ածխաջուր:
«Մարսից զատ մարդկության համար հաջորդ տուն կարող են դառնալ Յուպիտերի և Սատուրնի արբանյակները: Տարբերակները շատ են, սակայն դրանց շարքում կա ակնհայտ առաջատար՝ Տիտանը, որն ամենաշատն է նման Երկրին»,-նշել են գիտնականները:
Աղբյուրը մանրամասնում է, որ, ի տարբերություն Մարսի, Տիտանն ունի խիտ մթնոլորտ, որը 95%-ով բաղկացած է ազոտից: Բացի այդ, գազային հսկայի մագնիսական դաշտը թույլ է տալիս դրա մակերևույթին գտնվող օբյեկտները պաշտպանել տիեզերական ճառագայթումից:
Տիտանի գաղութացման համար, ըստ գիտնականների, ամենալուրջ խոչընդոտը չափազանց ցածր ջերմաստիճանն է՝ -180 աստիճան՝ ըստ Ցելսիուսի սանդղակի: Բացի այդ, այն շատ հեռու է Երկրից: Նշվում է, որ դեպի Տիտան հասնելու համար անհրաժեշտ է 7 տարի:










