ՀՀԿ-ն բացառություն չէ, մենք էլ թարմ խոսքի կարիք ունենք. ՀՀԿ պատգամավոր
ՀՀԿ համագումարի կանոնադրական փոփոխություններում ներառված Ավագների խորհրդի ստեղծումը միայն օգուտ կտա կուսակցությանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը:
«Սա արվում է նրա համար, որ ավագների դասի, միջին շերտի, երիտասարդների հարմոնիան պահպանվի, դե՝ ինչպես ցանկացած ընտանիքում»,- նշեց Վազգեն Կարախանյանը:
Նա նշեց, թե ինքը դեռևս չգիտի՝ անդամակցելո՞ւ է Ավագների խորհրդին, թե՞ ոչ, որովհետև իրեն այդ մասին «ոչինչ չեն հաղորդել»: Պատգամավորն ասաց, թե մանրամասներին դեռ ծանոթ չէ՝ չեն զրուցել, բայց շուտով ամեն ինչ կհայտնեն:
Ինչ վերաբերում է ՀՀԿ գործադիր մարմնի փոփոխություններին՝ Կարախանյանը նշեց, որ ԳՄ կազմի փոփոխությունն էլ դրական էր: «Էն մարդիկ, ովքեր ներառվեցին ԳՄ-ում, ունակ, կարող մարդիկ են ու կարող են թարմ խոսք բերել կուսակցությանը: Բոլոր ժամանակներում թարմ խոսքի կարիք կա, ՀՀԿ-ն էլ բացառություն չէ, մենք էլ թարմ խոսքի կարիք ունենք»,- նշեց Վ. Կարախանյանը:
Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ ՀՀԿ-ն հեղինակազրկվել է, դրա համար է փոփոխություններ անում, Կարախանյանը զարմացավ. «Առաջին անգամ ձեզնից եմ նման բան լսում: Իմ շրջապատում նման կարծիք չկա, որ ՀՀԿ-ն, ոնց ասացիք, հեղինակազրկվել է: ՀՀԿ-ն շարունակելու է կատարել իր ծրագրերը, նախագահի նախընտրական կոչերը»:
Հարցին, թե նախագահի յոթ խորհուրդներից որո՞նք եք իրականացնում, պատգամավորը պատասխանեց, որ դրանք ավելի շատ ուղղված էին երիտասարդներին:










