ՀՀԿ փոխնախագահի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է. ՀՀԿ խոսնակ
Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը՝ նոր կազմով, որից հետո ավանդաբար լրագրողների հետ հանդիպել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«ԳՄ-ի բոլոր անդամները ներկայացրել են իրենց կարծիքները համագումարի հետ կապված, մեր կուսակցության անելիքների, ռազմավարության և մարտավարության հետ կապված»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ նախագահի տեղակալների, խորհրդի կազմի ընտրության վերաբերյալ հարցին ի պատասխան ՀՀԿ խոսնակն ասել է, թե այս նիստում դրան անդրադարձ չի կատարվել: «Մինչև դեկտեմբերի 25-ը կհրավիրենք նիստ, կընտրենք առաջին տեղակալին և մյուս փոխնախագահներին»,- ասաց Շարմազանովը՝ նշելով, որ առաջին ՀՀԿ փոխնախագահի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է:
Սահմանային լարվածության վերաբերյալ հարցին ի պատասխան Շարմազանովն ասել է, թե ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին մասնակցել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, սակայն իրենք սահմանի լարվածության հետ կապված հարց չեն քննարկել:










