Խաչփառի բնակիչները բողոքում են, իսկ հանքը շահագործողն այսօր նոր հատված է քանդել
Արարատի մարզի Խաչփառ գյուղի բնակիչների՝ Ղուկասավանի մոտակայքում շահագործվող հանքի դեմ բողոքները չեն դադարել, սակայն Դաշտավանի գյուղի մոտակայքից հենց այսօր հանքը շահագործողները նոր հատված են սկսել քանդել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խաչփառի գյուղապետ Ղազար Մարտիրոսյանը:
«Մեզ վախեցնում են, փորձում են սպառնալ, սակայն մենք ավելի վախենալու բան չունենք, տարածքը, ընդերքը քանդվում է, դրանից մեծ վտանգ չկա»,- ասաց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ իր հաշվարկներով օրական 8 մլն դրամի խիճ են արտահանում. «Բա օրական ոչինչ չանելով 8 մլն դրամի խիճ գողացողը ումի՞ց պիտի վախենա»:
Նշենք, որ երեկ ևս Խաչփառում բողոքի ցույց էր տեղի ունեցել: Գյուղացիները պահանջում են դադարեցնել հանքի շահագործումը, որն իրականացվում է Հրազդան գետի շրջակայքում, որն անցնում է Խաչփառ, Դաշտավան, Ղուկասավան գյուղերի տարածքով:










