ԱԺ նոր կանոնակարգով լինելու է մեկ մարդ-մեկ ֆրակցիա. քաղաքագետ
Ազգային ժողովի նոր կանոնակարգը խորհրդարանական կառավարման համակարգի հետ կապ չունի։ Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Երևանի պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը։ Ըստ նրա՝ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված կանոնակարգը ավտորիտար միակուսակցական համակարգ, միապետություն ունենալուն է նպաստելու։
Սուրեն Զոլյանը մտահոգիչ է համարում կանոնակարգի հատկապես մի քանի կետերը։ Առաջինն այն, որ խմբակցության ղեկավարը կարող է, լիազորագրի հիման վրա, քվեարկել բացակա պատգամավորի փոխարեն։
«Ստացվելու է մեկ մարդ- մեկ ֆրակցիա, պատգամավորի ինքնուրույնությունն ավելի է պակասելու»,- մանրամասնեց քաղաքագետը։
Մտահոգիչ է նաև այն կետը, որով խմբակցության ներսում կարող են որոշել, որ պատգամավորը պետք է հեռացվի խմբակցությունից, նաև այն, որ պատգմավորը ևս կարող է լքել խմբակցությունը՝ առանց պատգամավորական մանդատը վայր դնելու արգելքի։
«Վերնախավային համաձայնություններ կարող են լինել, սա կարող է ավելի թուլացնել հատկապես ընդդիմությանը»,- ընդգծեց նա։
Սուրեն Զոլյանը ճիշտ չի համարում նաև այն, որ սահմանափակվում է ելույթների ժամանակահատվածը։
«Կան պատգամավորներ, որոնց համար 3 րոպեն էլ շատ է, բայց սահմանափակում պետք է չդրվի, փորձ է արվում կառավարել նաև ընդդիմադիրների խոսքը։ Ի վերջո, խորհրդարանում պետք է բովանադակային լուրջ ելույթներ լինեն, որի համար 10 րոպեն էլ գուցե չբավարարի, սա նշանակում է նաև սահմանափակել հասարակության տեսակետի արտահայտումը»,- նշեց քաղաքագետը։
Սուրեն Զոլյանը նշում է, որ այս փոփոխություններից զարմացած չէ, քանի որ սահմանադրական փոփոխություններից հետո այդպես էլ պիտի լիներ. «Սահմանադրական փոփոխությունները ևս կապ չունեն խորհրդարանական կառավարման համակարգի հետ, խանական համակարգին են հանգեցնում»,- նշեց քաղաքագետը։










