Ընտանեկան բռնության կանխարգելման մասին նախագծով երեխային խլելու են ծնողներից, այն խարխլելու է ընտանիքի հիմքերը. Ա. Բոշյան (տեսանյութ)

15:12 • 01.12.16

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին Արդարադատության նախարարության կողմից շրջանառվող նախագիծը խիստ վտանգավոր է, այն խարխլելու է ընտանիքի հիմքերը, երեխային ծնողներից խլելու ուղիղ մեխանիզմներ է պարունակում։

Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ Արման Բոշյանը։

«Նախագիծը բացարձակապես ուղղված չէ ընտանեկան բռնությունների խնդիրը լուծելուն, ավելին՝ այն լրիվ այլ ուղղվածություն ունի: Եթե մենք կարծում ենք, որ եվրոպական երկրները քնեցին, զարթնեցին և մտահոգվեցին հայ կանանց վիճակի մասին, ապա լրջորեն սխալվում ենք: Բանն այն է, որ ընտանեկան բռնության խնդիրն արդիական է հենց Եվրոպայում»,-ասաց Արման Բոշյանը՝ շեշտելով, որ վերջին տարիներին ԵՄ երկրներում ստրկության է վաճառվել մինչև 5.5 միլիոն երեխա։

Բանախոսն ասաց, որ իրեն հատկապես զայրացնում է այն, որ սոցիալական աշխատողը կարող է անանուն էլեկտրոնային նամակով ներխուժել ընտանիք և փորձել այդ ընտանիքի «հարցերը լուծել»:

«Սոցիալական աշխատողները «ընտանեկան ԳԱՅ-ի դեր» կխաղան. քանի որ նախագծի համար գրանտ է տրվում, ապա որքան շատ կլինեն բռնության դեպքերը, այդքան էլ գրանտ կլինի»,-ասաց նա։

Արման Բոշյանը դրական համարեց նաև այն, որ առայժմ խորհրդարանը նախագիծը չի քննարկելու, Արդարադատության նախարարությունը հետ է կանչել։

Արման Բոշյանի հնչեցրած գնահատականների հետ համաձայն չէր ասուլիսի մյուս բանախոս իրավապաշտպան, հրապարակախոս Զարուհի Հովհանիսյանը։  Ըստ նրա՝ մերկապարանոց հայտարարություններ են հնչեցվում։

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ հոգեբան Սամվել Խուդոյանը հիմնականում համաձայն էր Արման Բոշյանի հետ։

«Մենք տարբեր արժեհամակարգ ունենք, և եթե այլ տեղ ծնված արժեքները մեխանիկորեն տարածվում են, դա կարող է ավերիչ լինել մեզ համար: Սրանք կարող են հանգեցնել այն բանին, որ օրենքներն ամուսիններին իրար դեմ կհանեն, քան խնդիրը կլուծեն: Օրենքը ամուսիններին իրար և երեխաներին ծնողների դեմ չպետք է հանի»,-շեշտեց հոգեբանը։

Զարուհի Հովհաննիսյանը հոգեբանի ասածների շուրջ ռեպլիկ հնչեցրեց. «Ապատեղեկատվություն եք տարածում»:

Սամվել Խուդոյանն էլ արձագանքեց. «Դե լավ էլի, լռեք, թողեք՝ մենք էլ մեր կարծիքը ասենք: Ով խոսեց, մեջ մտաք»:

Զարուհի Հովհաննիսյանը որոշեց լքել ասուլիսը.  «Ձեր հետ խոսելու բան չունեմ, եկել եք՝ ապատեղեկատվություն եք տարածում»։

Մանրամասները՝տեսանյութում։