Հին եգիպտական կոկորդիլոսի մումիայի մեջ «անակնկալ» է հայտնաբերվել (լուսանկարներ)
Նիդեռլանդների թանգարաններից մեկում գտնվող 2500 տարվա կոկորդիլոսի մումիայի սքանավորումը ցույց է տվել, որ դրա մեջ 47 փոքր կոկորդիլոս կա:
BBC-ն գրում է, որ հին եգիպտական կոկորդիլոսի 3 մետրանոց մումիան 1828 թվականից ցուցադրվել է նիդեռլանդական Լեյդեն քաղաքի Հնությունների պետական թանգարանում: 1990 թվականին գիտնականները սքանավորման միջոցով պարզել են, որ իրականում մումիան կազմված է մեկ սավանով փաթաթված երկու կոկորդիլոսից:
Կայքի հաղորդմամբ` ժամանակակից սարքավորումների միջոցով պարզվել է, որ մումիայի ներսում ևս 47 փոքր կոկորդիլոս կա, որոնցից յուրաքանչյուրը փաթաթված է առանձին կտորով:
«Փոքր կոկորդիլոսները վատ են երևում հին լուսանկարներում, եթե չիմանանք, որ նրանք այնտեղ են: Երբեք չենք ակնկալել, որ նման բան կգտնենք», - ասել է թանգարանի համադրող Լարա Վայսը:
Եգիպտաբանները ենթադրում են, որ տարբեր տարիքի կոկորդիլոսների համատեղ մումիֆիկացումը կարող է խորհրդանշել հին եգիպտացիների հավատը հավերժ երիտասարդությանն ու մահից հետո կյանքին: Մեկ այլ տարբերակով եգիպտացիները բավական խոշոր կոկորդիլոս չեն ունեցել ջրի աստված Սեբեկին զոհաբերելու համար, և նրանք «պատրաստել են» այն մի քանի փոքր կոկորդիլոսից:













