Կիևը հայտարարել է Ղրիմի շրջանում հրթիռային զորքերի զորավարժությունների մեկնարկի մասին
Ուկրաինայի հարավում մեկնարկել են և ողջ թափով ընթանում են հրթիռային զորքերի զորավարժությունները: Այդ մասին հայտարարել է ուկրաինական օդուժի «Հարավ» օդային հրամանատարության մամուլի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Կրիժանովսկին, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
«Արդեն սկսվել են կրակոցները: Ամեն ինչ ընթանում է ծրագրի համաձայն: ՌԴ-ից ոչ մի արձագանք չկա: Ուկրաինացի զինվորականները պատրաստ են իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակի»,- հայտարարել է Կրիժանովսկին:
Ուկրաինայի օդուժի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ կրակոցներն իրականացվում են Ղրիմի ափից ոչ պակաս, քան 30 կիլոմետր հեռավորության վրա:
Ավելի վաղ Կիևում հայտարարել են, որ դեկտեմբերի 1-ին և 2-ին Խերսոնի շրջանում կանցկացվեն միջին հեռահարության զենիթային հրթիռների փորձարկումներ:
Նույն օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում «չէին ցանկանա թույլ տալ միջազգային իրավունքի խախտմամբ Ուկրաինայի կողմից որևէ գործողություն, որը կարող էր բերել Ռուսաստանի տարածքով և հարող շրջաններով միջազգային թռիչքների համար վտանգավոր պայմանների ստեղծման»:










