Հայաստանը Ֆրանսիա պետության հետ պետք է աշխատի, ոչ միայն հայ գաղութի և սփյուռքի հետ. Լիոնի հայազգի փոխքաղաքապետ

13:34 • 01.12.16

Այսօր Հայաստանը Ֆրանսիա պետության հետ պետք է աշխատի, ոչ միայն հայ գաղութի և սփյուռքի հետ, աշխատանքը պետք է տարվի պետություն-պետություն մակարդակով․ Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Լիոնի հայազգի փոխքաղաքապետ Գևորգ Քեփենեքյանը:

«Մենք (նկատի ունի հայ համայնքը- Հ․Հ․) միշտ հետևում ենք, բայց այսօր մենք պետք է պետական մակարդակով շփվենք: Հիմա ես այստեղ եմ, անգամ կցանկանամ անունս մոռանալ, որ Քեփենեկյան եմ, լավ կլինի, որ ավելի ֆրանսիացի լինեմ, և ֆրանսիական ուժերով, մարմիններով գանք այստեղ, աշխատենք»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն: Նա մատնանշեց այս օրերին Երևանում անցկացվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը․ «Հիմա կարծես 70 նախագիծ կա, բայց Ֆրանսիայի բոլոր քաղաքներն էլ նեղության մեջ են, որովհետև կառավարությունը սեղմել է համայնքների բյուջեները: Դժվարություններ կան, պետք է հավաքվել, Հայաստանի կառավարության հետ որոշել, թե որտեղ է գումարը նպատակահարմար օգտագործել»:

Գևորգ Քեփենեքյանը նշեց, որ լավ կլինի, որ Ֆրանսիան՝ որպես պետություն, իր ներկայությունը Հայաստանում մշտական դարձնի: «Ինչպես ֆրանսիացիները գնում են Աֆրիկա՝ օգնելու նրանց, պետք է մտածեն, որ Հայաստան էլ գան, այն Կովկասում կարևոր երկիր է՝ Թուրքիային, Ռուսաստանին, Վրաստանին, մեր ընկեր Իրանին մոտ: Սա ստրատեգիական մի բան է»,- ասաց նա:

Նշենք, որ Գևորգ Քեփենեքյանը Հայաստանում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովին մասնակցելու համար: Նա ներկայացնում է Լիոնի քաղաքապետարանը: