Ռուսաստանը գաղտնի բանակցություններ է վարում Սիրիայի ընդդիմության հետ. Financial Times

17:20 • 01.12.16

Սիրիական ընդդիմությունն առանց ԱՄՆ-ի մասնակցության Հալեպում մարտերը դադարեցնելու հարցով բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:


Թերթի տվյալներով՝ «գաղտնի բանակցություններն» անցկացվում են Անկարայում՝ Թուրքիայի միջնորդությամբ:


«Վաշինգտոնն ամբողջությամբ դուրս է այդ բանակցություններից և ընդհանրապես չգիտի, թե ինչ է տեղի ունենում Անկարայում»,- նշել է ընդդիմադիրներից մեկը:


Նա նաև նշել է, որ դա առաջին նման հանդիպումը չէ, բայց մասնակիցների թվաքանակի առումով առաջինն է: Ինչպես նշել է թերթի զրուցակիցը, այդ բանակցություններին ներգրավվել են զգալի թվով ընդդիմադիր խմբեր:


Թերթի տեղեկություններով՝ բանակցություններում նշանակալի առաջընթաց չի գրանցվել: Սակայն այն, որ դրանք անցկացվել են առանց ԱՄՆ-ի, ցույց է տալիս, որ «տարածաշրջանային խաղացողները» հակամարտությունում ավելի ու ավելի են ձգտում հարցերը լուծել առանց Վաշինգտոնի: