Ուկրաինան Ղրիմի շրջանում զորավարժությունների պատճառով փոխել է ինքնաթիռների երթուղիները
Ուկրաինայի հարավում զորավարժությունների անցկացման գոտում ինքնաթիռների երթուղիները կշեղվեն մի քանի կիլոմետրով: Այդ մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտնել է «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Եվգենի Դիխնեն:
««Բորիսպոլ» օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով: Չվացուցակում ոչ մի փոփոխություն չի եղել և փոփոխությունների անհրաժեշտության մասին ոչ մի հրաման չի ստացվել: Ուկրաինայում բոլոր օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով»,- ասել է Դիխնեն:
Նա նաև հայտնել է, որ զորավարժությունների գոտում ինքնաթիռների բոլոր երթուղիներն անցնելու են մի քանի կիլոմետր շեղումով:
«Մենք չվերթներ ունենք, որոնք անցնում էին այդ գոտիների օդային տարածքով: Դրանք կշեղվեն մի քանի կիլոմետրով և կշարունակեն իրենց ճանապարհը»,- ասել է Դիխնեն:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հարավում մեկնարկել են և ողջ թափով ընթանում են հրթիռային զորքերի զորավարժությունները: Ուկրաինայի օդուժի ներկայացուցիչն ընդգծել է, որ կրակոցներն իրականացվում են Ղրիմի ափից ոչ պակաս, քան 30 կիլոմետր հեռավորության վրա:










